ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

20:10 • 24.07.20

Հուլիսի 24-ին տեղի է ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հանդիպումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը։

«Քննարկվել է ներկա սրացման համատեքստում համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Կարևորվել է իրավիճակի ապաէսկալացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,- ասված է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել` անդրադառնալով նախորդ գիշեր Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կատարվող հարձակումներին:

«Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել ադրբեջանական կողմի փորձերը` հայ-ադրբեջանական սահմանին առկա դրությամբ պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և երկու ժողովուրդների համայքների միջև հակամարտություն ստեղծելու մասով: Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասված էր հայատարարության մեջ։