Մերգելյանի տոնավաճառի չաշխատելը մեզ շատ վնասներ է տվել. մոտ 250 մարդ հիմա խնդրի առաջ է. գյուղատնտեսական շուկայի առևտրականները դեմ են շուկայի փակմանը

13:39 • 24.07.20

Այսօր Կառավարության դիմաց մի քանի տասնյակ Մերգելյանի գյուղատնտեսական շուկայի առևտրականներ ակցիա էին իրականացնում: Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի՝ իրենց պահանջն այն է, որ տարածք չեն հատկացնում իրենց: Նրանց պատճառաբանել են, թե այն տարածքը, որտեղ ցանկանում են առևտուր իրականացնել, կխանգարի հարակից առևտրականներին:

«Նախկինում մեր ապրանքը շատ էժան գնով տվել ենք վերավաճառողներին, որոնք հետո խանութ են տարել ու թանկ վաճառել: Մենք ուզում ենք՝ մեր շուկան աշխատի: Եթե նախկինում գյուղնախարարությունը բացել է այս շուկան, ուրեմն ինչ-որ իմաստ է ունեցել, մոտ 250 մարդ հիմա այս խնդրի առաջ է»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր մարզերից առևտրականներ են եկել՝ իրենց խնդրին լուծում տալու:

«Նախքան Կառավարության մոտ գալը շատ ելքեր են փնտրել, ապարդյուն, ոչ մի լուծում չի եղել: Արաբկիրի առևտրի բաժնի պետի հետ ենք խոսել, հասկացանք,  որ անիմաստ է, իր միջոցով ոչնչի չենք հասնի, նա կտրականապես հրաժարվեց այդ տարածքը մեզ տրամադրել»,- ներկայացրեց նա:

Բողոք ունեցող անձանցից մեկն էլ նշեց, որ դիմել են պաշտոնյաների, սակայն  մեկ ավագանու անդամ է արձագանքել նրանց, սակայն որևէ փոփոխություն չի եղել: Ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ տարածքում սուպերմարկետ ու բանջարեղենի կրպակներ կան, սակայն իրենց տոնավաճառը ոչ ոքի չի խանգարել, նույնիսկ զբոսաշրջիկներին է հետաքրքրել: «Մերգելյանի տոնավաճառի չաշխատելը մեզ շատ վնասներ է տվել, քանի որ մեծ ներդրումներ ենք կատարել մեր ապրանքի համար, վարկեր ենք վերցրել»:

Ակցիայի մասնակիցներից մյուսն էլ  շեշտեց, որ Կառավարությունն այս խնդրի մասին տեղյակ չէ, թաղապետարանն է խոչընդոտ հանդիսացել:

Տոնավաճառի փակման դեմ ակցիայի և շուկայի կազմակերպչական աշխատանքները ղեկավարող Հայկ Բաղդասարյանը ներկայացրեց, որ խնդրի համար սկսել են պայքարել դեռ հունվարից և խնդիրներ են եղել թաղապետարանի հետ և բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը հաստակ նշել է, որ տարածքն այլևս չի տրամադրվի տոնավաճառին՝ պատճառաբանելով, թե հարակից տնտեսվարողները բողոքում են տարածքում առաջացող խցանումներից:

«Կառավարությունից ասացին, որ խնդրով զբաղվում են և մի քանի օրվա ընթացքում պատասխան կտան, բայց այս մարդիկ պատրաստ չեն իրենց ապրանքը կրկին չվաճառել ու թափել: Տարբերակներ կա, որ այլ տարածք են մեզ տրամադրելու, քաղաքից դուրս կամ այլ վայրում, բայց այդ փորձը մենք ունեցել ենք ու ոչ մի տեղ այն չի աշխատել: Վաղը ես գնալու եմ շուկայի տարածք ու այնտեղ իմ ապրանքը վաճառելու եմ, եթե թույլ չեն տալու, ապա թող չտան»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքապետարան ևս դիմել են, սակայն դիմումի պատասխանն այն է, որ տոնավաճառի առկայությունը խցանումների պատճառ է հանդիսանում: