Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ սգո զանգեր են ղողանջել

18:50 • 24.07.20

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում այսօր սգո զանգեր են ղողանջել, գրում է ria.ru-ն։

Արքեպիսկոպոս Խրիզոստոմի որոշմամբ՝ Կիպրոսում սգո զանգերը սկսել են ղողանջել տեղական ժամանակով ժամը 12-ին, հնչել են հինգ րոպե շարունակ՝ «թուրքերի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կամայական, անթույլատրելի և հանցավոր որոշման կապակցությամբ», ասված է Կիպրոսի արքեպիսկոպոսության հաղորդագրության մեջ:

Հուաստանի մի շարք քաղաքներում սգո զանգերը ղողանջել են առավոտյան, բացի այդ Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդը և ամբողջ Հունաստանը երեկոյան Աթենքի Մայր տաճարում ընթերցել են «Պաշտպան» ակաֆիստը՝ «Սուրբ Սոֆիայի տաճարի որպես մզկիթ բացման առաջին օրը՝ ամբողջ ուղղափառության, քրիստոնեության և հելլենիզմի համար տառապանքների օրը»:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց այս օրը բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:

Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: