Միլանում հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել քաղաքի որոշ շրջանները

20:42 • 24.07.20

Միլանի տարածքով անցնող Սևեզո և Լամբրո գետերի ջրի մակարդակը ուրբաթ օրը տեղատարափ անձրևների հետևանքով 20 րոպեում բարձրացել է գրեթե 3 մետրով, հայտնել է Իտալիայի «հյուսիսային մայրաքաղաք» Միլանի տրանսպորտի խնդիրների հարցերով քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Մարկո Գրանելին, գրում է ria.ru-ն։

«Միլանում մեկ ժամում 70 միլիմետր անձրև է տեղացել, ինչը բնորոշ է ամսական տեղումների քանակին։ Սևեզոյի մակարդակը 40 սմ-ից բարձրացել է մինչև 3,1 մետր, այսինքն՝ 2,7 մետր 20 րոպեում, 13,5 սանտիմետր՝ րոպեում: Սրանք կլիմայական փոփոխությունների հետևանքներն են»,- հայտնել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ որոշ հատվածներում Սևեզո և Լամբրո գետերը դուրս են եկել ափերից՝ հանգեցնելով միկրոշրջանների հեղեղումների։ Ջրի հոսքերը լցվել են փողոցներով։

Վերջին անգամ նման ջրհեղեղ Միլանը վերապրել է մայիսի կեսերին, երբ ուժեղ ամպրոպներով ուղեկցվող հորդառատ անձրևների մակարդակը մի քանի ժամվա ընթացքում հասել էր 132 միլիմետրի, ինչը գերազանցում է երկամսյա նորման։