Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 25 անձ է ձերբակալվել. «Ինտերֆաքս»
Մոսկվայի հարավ-արևելքում՝ Մարյինո շրջանում, ուրբաթ գիշերը ավելի քան քսանհինգ մարդ է ձերբակալվել մի շարք ավազակային հարձակումների և խուլիգանությունների պատճառով, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
«Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում մի շարք կոնֆլիկտային բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Կոնֆլիկտներից մեկի ժամանակ մի տղամարդ մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է այն ավտոմեքենան, որում նա գտնվել է»,- ասել են գերատեսչությունում։
ՆԳՆ-ում նաև հայտնել են, որ բացի այդ, ուրբաթ գիշերը միջադեպ է տեղի ունեցել սրճարաններից մեկում, որտեղ անհայտ անձինք, սպառնալով այցելուներին և անձնակազմին, դրամարկղից հափշտակել են գումար, վնասել գույքը, որից հետո փախել են դեպքի վայրից:
Հարուցվել են քրեական գործեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով։
Նախօրեին հաղորդվել էր, որ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:










