Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

00:47 • 24.07.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ կողմերը հանգամանալից քննարկել են ռազմավարական կայունությանն ու սպառազինությունների վերահսկողությանն առնչվող խնդրահարույց հարցերը՝ հաշվի առնելով միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը:

Այդ համատեքստում հաստատվել է այդ հարցերի շուրջ երկկողմ քննարկումների արդիականությունը, ներառյալ՝  ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման և կրճատման հարցերով պայմանագրին վերաբերող հարցերը: Ընդգծվել է նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների գագաթնաժողով անցկացնելու ռուսական նախաձեռնության կարևորությունը, որի նպատակը միջազգային անվտանգային խնդիրներին առնչվող հարցերի քննարկումն է:

Կողմերն անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրին: Երկուստեք շեշտվել է հավաքական ջանքերի անհրաժեշտությունը՝ ուղղված տարածաշրջանային կայունության և միջուկային չտարածման ռեժիմի պահպանմանը:

Նախագահները նաև նշել են, որ տրամադրված են զարգացնել ռուս-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցությունը, դրական գնահատական է տրվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում երկկողմ համագործակցությանը: