Մահացել է դերասան Ալեքսանդր Քոչարյանը

20:53 • 24.07.20

Կյանքից հեռացել է բեմադրիչ, դերասան, մանկավարժ Ալեքսանդր Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր կյանքից հեռացել է բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ա. Քոչարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-նշված է գրառման մեջ:

Ալեքսան Քոչարյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում:

1955-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում:

1962-1970 թվականներին եղել է նույն ինստիտուտի ասպիրանտ։

Եղել է Կապանի շրջանային թատրոնի դերասան, որտեղ մարմնավորել է գլխավոր և երկրորդական դերեր։

1971-1986 թվականներին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ‎ֆակուլտետի դեկանը, 1986-1996 թվականներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորը։

1992 թվականից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: 1992 թվականից՝ պրոֆեսոր է, իսկ 1998 թվականից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը։