Արտակարգ դրության ժամանակ խաղաղ հավաքների, մարդու իրավունքների սահմանափակումների հարցով կարիք կա որևէ մարմին ստեղծելու․ մենք նախաձեռնել ենք քննիչ հանձնաժողովի ստեղծում. Տ․ Սիմոնյան
Արտակարգ դրության երկարաձգման նպատակը համավարակն է, թե այդ ընթացքում ինչ իրավունքների սահամանափակում է անհարկի տեղի ունենում, սա հարցի մյուս կողմն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ մտահոգի՞չ է արդյոք, որ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակվում են մարդու հիմնարար իրավունքներ, մասնավորապես խաղաղ հավաքների անցկացումը:
«Մենք գտնում ենք, որ հավաքները կամ այլ միջոցառումները կարելի է կազմակերպել՝ որոշակի կանոններ պահպանելով, այլ ոչ թե առհասարակ արգելել միջոցառումների իրականացումը: Մեր իշխանական գործընկերներն այլ պատկերացում ունեն: Ինձ թվում է՝ հիմնական նպատակը արտակարգ դրության երկարացման հենց համավարակի դեմ պայքարն է, բայց ձեռքի հետ էլ, ըստ նրանց, կարելի է ավելի լայն սահմանափակումներ իրականացնել ու չխորանալ այն հարցի մեջ, թե արդյոք կարելի է այդ նույն իրավունքները պաշտպանել առանց սահմանափակումների»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ այստեղ ավելի հեշտ ճանպարհով խնդիրը լուծելու տարբերակն է ընտրել իշխանությունը․ «Մինչդեռ մեր հարգելի իշխանությունը մոռանում է, որ կան մարդու իրավունքներ, որոնց սահամանափակումը ծայրահեղ դեպքերում պետք է տեղի ունենա»:
Դիտարկմանը՝ վարչապետն այսօր հայտարարեց, որ հիմքեր կան պնդելու` մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, մեկ անգամ էլ ակնարկել էր, որ հնարավոր է չերկարաձագվի արտակարգ դրությունը և հարցին՝ հնարավո՞ր է՝ արտակարգ դրության ավարտից հետո էլ խաղաղ հավաքների սահմանափակում լինի, նա ասաց, որ եթե օրենքով արտակարգ դրությունն ավարտվում է, որևէ այլ իրավական ակտով հավաքների սահմանափակում չի կարելի իրականացնել:
«Այլ բան է, եթե մեր իշխանությունները որոշեն, որ օրենքում էլ են փոփոխություն կատարում և որոշեն, որ կարելի է նաև առանց արտակարգ դրության հայտարարման սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, բայց ես հուսով եմ, որ իշխանությունները նման քայլի չեն գնա»,- ասաց նա:
Հարցին՝ ստեղծված իրավիճակում, երբ սահմանափակված են խաղաղ հավաքների անցկացումը, անհրաժեշտություն կա՞ ինչ-որ մարմին ստեղծելու, որը կզբաղվի այս խնդրով, Սիմոնյանն ասաց, որ իրենք նման անհրաժեշտություն տեսել են և այդ պատճառով էլ նախաձեռնել եք քննիչ հանձնաժողովի ձևավորում: «Այդ հանձնաժողովը պետք է քննարկի, թե արդյոք կառավարության և պարետատան կողմից ձեռնարկված միջոցառումները արդյունավե՞տ են եղել համավարակի դեմ պայքարում և առանձին կետով էլ պետք է այդ քննիչ հանձնաժողովը պատասխանի այն հարցին՝ արդյոք մարդու իրավունքների սահմանափակումները համաչափ են եղել արտակարգ դրության պայմաններին, թե՝ ոչ»,- ասաց նա:
Իսկ թե արդյոք այս հարցի մասով հանրային քննարկումներ կազմակերպելու կարիք կա, Սիմոնյանը նշեց, որ հանրային քննարկումների կարիք միշտ կա և քննիչ հանձնաժողովի աշխատանքները նաև որոշակի առումով հրապարակային պետք է լինեն: Ըստ նրա, իհարկե, կարող են որոշակի հարցեր լինեն, որ փակ լինեն, բայց կարծում եմ, որ մեծամասամբ հրապարակային պետք է լինեն և հանրությունը պետք է նաև լսի, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում, հարկ եղած դեպքում՝ նաև մասնակցի:
Նա տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով արդեն ստեղծվել է, և ԱԺ-ի առաջին իսկ նստաշրջանում պետք է ձևավորվի քննիչ հանձնաժողովի կազմը և այդ կազմը քվերակվելու է:
«Մեկ անգամ էլ մենք նախաձեռնեցինք քննիչ հանձնաժողով, բայց իշխող խմբակցությունը տապալեց այն՝ կազմը չհաստատելով, հիմա այս վտանգը կա: Սեպտեմբերի սկզբին երբ նստաշրջանը սկսի, հուսով եմ իշխանական մեր գործընկերները նման քայլի չեն գնա, որովհետև ամբողջ հանրությունն է այսօր պահանջում, որ տրվեն որոշակի հարցերի պատասխաններ, թե արդյոք արդյունավետ է կազմակերպվել համավարակի դեմ պայքարը, և արդյոք իրավունքի սահմանափակումները համաչափ են եղել: Բազմաթիվ հարցեր կան, որոնք հետաքրքրում են հանրությանը և հանրությունը պետք է ստանա այդ հարցերի պատասխանը: Հիմա ես չեմ կարծում, որ իշխանությունները որոշեն, որ իրենք թույլ չեն տալիս, որ հանրությունը ստանա այդ հարցերի պատասխանները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, Սիմոնյանն ասաց, որ քանի որ ԱԺ-ում է տեղի ունենում քննիչ հանձնաժողովի աշխատանքները, ենթադրվում է որ հենց ԱԺ-ի աշխատակազմը քաղաքական իշխանության միջոցով կկազմակերպի, բայց նաև պետք է նշեմ, որ քննիչ հանձնաժողովի նախագահը մեր խմբակցության անդամ Արկադի Խչատյանն է, նա էլ իր ուժերի ներածի չափով պետք է հնարավորություն բացի հանրային քննարկումների իրականացման, եթե, իհարկե, խոչընդոտներ չլինեն իշխանական գործընկերների կողմից:










