Անկարան ակտիվացնում է սոցիալական ցանցերի բովանդակության վերահսկողության ուղղությամբ իր ջանքերը․ The Guardian-ը՝ Թուրքիայում Facebook-ի, Twitter-ի և YouTube-ի արգելափակման օրինագծի մասին

19:58 • 24.07.20

Անկարան ակտիվացնում է սոցիալական ցանցերի բովանդակության վերահսկողության ուղղությամբ իր ջանքերը, գրում է The Guardian պարբերականը՝ նշելով, որ Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որի ընդունումը կնշանակի նոր կանոններին չհամապատասխանելու դեպքում այդ երկրում մի շարք կայքերի, այդ թվում՝ Facebook-ի, Twitter-ի և YouTube-ի արգելափակում:

Օրինագիծը կստիպի Թուրքիայում օրական ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող սոցիալական ցանցերի ընկերություններին պաշտոնական ներկայացուցիչ ունենալ Թուրքիայում, որը իրավաբանորեն հաշվետու կլինի թուրքական իշխանություններին:

Հաղորդվում է, որ ընկերությունները կամ նրանց ներկայացուցիչները պետք է 48 ժամվա ընթացքում պատասխանեն հրապարակումների վերաբերյալ կառավարությունից ստացած բողոքներին, որոնք «խախտում են անձի իրավունքները և անձնական կյանքի անձեռնմխելիությունը»։

Պահանջների չպահպանման դեպքում թուրքական իշխանությունները մինչև 1,5 մլն դոլարի չափով տուգանքներ կգանձեն։

«Էրդողանն իր նախագահության 17 տարիների ընթացքում շարունակում է ամրապնդել ավանդական ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը»,- ընդգծում է պարբերականը։

Օրինագիծը նաև դատարաններին թույլ կտա թուրքական լրատվական կայքերից պահանջել 24 ժամվա ընթացքում ջնջել «վիճելի բովանդակության նյութերը»։

Ինչպես նշում է աղբյուրը, ուրբաթ վաղ առավոտյան Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հանձնաժողովը հավանություն է տվել այդ նախագծին։ Քվեարկությունը դեռ պլանավորված չէ, սակայն սպասվում է, որ այն տեղի կունենա իշխող կուսակցության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ: