Չինաստանը պահանջել է փակել Չենդու քաղաքում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը` ի պատասխան Վաշինգտոնի նմանատիպ գործողությունների
Չինաստանը պահանջել է փակել երկրի Սիչուան նահանգի Չենդու քաղաքում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը` ի պատասխան Վաշինգտոնի նմանատիպ գործողությունների: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հուլիսի 24-ին Չինաստանի արտգործնախարարությունը երկրում ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրել է, որ որոշել է «չեղյալ հայտարարել Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության գործունեություն ծավալելու մասին արտոնագիրը», ինչպես նաև «հստակ պահանջներ է ներկայացրել հյուպատոսարանին դադարեցնել ցանկացած գործունեություն և միջոցառում»:
Չինաստանի արտգործնախարարությունն ընդգծել է, որ իր պահանջն օրինական և անհրաժեշտ արձագանք է ՝ միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի և դիվանագիտական պրակտիկայի հիման վրա, իսկ կատարվածի համար պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է Վաշինգտոնի վրա:
«Մենք նորից կոչ ենք անում ԱՄՆ-ին չեղարկել սխալ որոշումն ու պայմաններ ստեղծել երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համար»,-հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում:
Հուլիսի 22-ին ԱՄՆ-ն փակել է Հյուսթոնում գտնվող Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը ՝ վկայակոչելով ամերիկացիների մտավոր սեփականությունն ու անձնական տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Պեկինը քայլը բնութագրել է որպես քաղաքական սադրանք և խոստացել է «պատասխան վճռական քայլեր ձեռնարկել»:










