«100%-ով նա է». Կադիրովը Պոմպեոյին մեղադրել է Ջորջ Ֆլոյդի սպանությունը պատվիրելու համար

11:17 • 24.07.20

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Ուկրաինայի հատուկ ծառայություններից տեղեկություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատվիրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որից հետո Միացյալ Նահանգներում զանգվածային անկարգություններ են սկսվել: Այս մասին Չեչնիայի ղեկավարը հայտարարել է «Грозный» հեռուստաալիքի եթերում, գրում է eadaily.com կայքը:

«Մենք ուկրաինական հատուկ ծառայություններից տեղեկություն ունենք այն մասին, որ 100%-ով Պոմպեոն է պատվիրել, որպեսզի Դոնալդ Թրամփը պարտվի ընտրություններում»,-հայտարարել է Կադիրովը:

Աղբյուրը նշում է, որ Չեչնիայի ղեկավարն այս մասին հայտարարել է` մեկնաբանելով իր` ԱՄՆ-ի «սև ցուցակում» հայտնվելը:

Կադիրովը հայտարարել է նաև, որ ինքը Պոմպեոյին հրավիրել էր այցելել Չեչնիա, սակայն «տեղեկանալով Ֆլոյդի սպանության գործում ներգրավվածության մասին»՝ չեղարկում է հրավերը:

«Հայտարարում եմ, որ Մայք Պոմպեոն ներառվելու է Չեչնիայի Հանրապետության կողմից բոլոր հնարավոր պատժամիջոցների ցանկում: Դա վերաբերում է և՛ տարածաշրջան այցին, և՛ այլ հաշիվների»,-հայտարարել է Կադիրովը:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:

Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար: