«Սա լավ կազմակերպված հայաֆոբ քաղաքականություն է, որն արտահանվում է Ադրբեջանից». ՌԴ-ում ՀՀ դեսպանը մեկնաբանել է Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումը հայերի վրա
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ նախորդ գիշեր Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումը ծրագրված էր ադրբեջանական կողմից:
«Մենք ամբողջ գիշեր նման տվյալներ էինք ստանում: Մոսկվայի հարավ-արևելյան շրջանում մի քանի նման դեպքեր են եղել: Շատ լավ կազմակերպված հանցախմբերը լավ զինված հարձակվում էին՝ ամենայն հավանականությամբ հետևելով հայկական համարանիշներով մեքենաներին կամ առանձին մարդկանց ու մեծ կռիվ էին սարքում: Զոհեր չկան, կան տուժածներ, մի քանի մարդ հիվանդանոցում է»,- ասել է դեսպան Տողանյանը:
ՀՀ դեսպանը նշել է, որ իրենք գործողությունները համակարգում են իրավապահ մարմինների հետ:
«Մեր հասարակական կազմակերպությունները նույնպես կապի մեջ են: Հորդորում ենք չկորցնել զգոնությունը, չտրվել սադրանքներին, քանի որ սա լավ կազմակերպված հայաֆոբ քաղաքականություն է, որն արտահանվում է Ադրբեջանից: Դրա նպատակն է ոչնչացնել հավասարակշռությունը, որն ունենք Ռուսաստանում: Սա կազմակերպված սադրանք է, որը սկսվեց առևտրի կետերից: Եթե քայլեր չձեռնարկվեն, ապա այն շատ լուրջ հետևանքներ կունենա: Կա Ռուսաստանի օրենսդրություն, և այժմ մեզ համար կարևոր է, որ այն բոլոր քաղաքացիների համար հավասար լինի»,-ասել է դեսպան Տողանյանը:
Դեսպանը կարծում է, որ այս ամենի կազմակերպման հետ կապ ունեն Ադրբեջանի իշխանությունները:
«Կարծում եմ, որ սա առաջին հերթին կապված է նրա հետ, որ այս տարիների ընթացքում և մանավանդ վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մեծացնում էր ագրեսիվ հռետորաբանությունը: Վերջին մի քանի ամիսներին նրանք բնակչությանը պատրաստում էին պատերազմի` բացատրելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի միակ հնարավոր լուծումը «ազատագրման» համար ռազմական գործողությունն է: Այդ հռետորաբանությունը նրանք արտահանել են Ռուսաստանի տարածք»,-ասել է Տողանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախորդ գիշեր Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչների վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:










