Պարոն վարչապետ, ինչպես ժամանակին Վազգեն Մանուկյանն է արել, դուք էլ այդպես վարվեք, որ բարձր գնահատական ստացած դիմորդները դառնան բուհերի առկա բաժնի ուսանողներ. դիմորդի ծնող
Մենք որոշել ենք հաջորդ շաբաթվա մեջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի օգնությամբ մեր շահերը պաշտպանել դատական ատյաններում: Այս մասին այսօր բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ասուլիսի ժամանակ նշեց բուհ չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը՝ հավելելով, որ երկուշաբթի ԿԳՄՍՆ-ի դիմաց նախարարի հետ հանդիպման պահանջով ակցիա են կազմակերպելու։
«Ըստ երևույթին նախարարը հանձնարարում է փոխնախարար Գրիշա Թամրազյանին, որ մեզ համոզի: Վատն այն է, որ փորձում են մեզ հեռակա տարբերակներ առաջարկել, սակայն այսպես թե այնպես օգոստոսին հեռակայի քննություններ են լինելու և ո՞վ չգիտի, որ կարող ենք մասնակցել, եթե մեզ դա բավարարեր, մենք այս բողոքի ակցիան չէինք կազմակերպի»,- նշեց նա:
Ծնողի խոսքով՝ իրավիճակի մեղավորը ԿԳՄՍ նախարարությունն է, քանի որ կարգի փոխման որոշումը ընդունվել է մայիսի 21-ին, վարչապետը ստորագրել է մայիսի 25-ին և գործողության ուժ է ստացել մայիսի 26-ին, սակայն հայտերի ներկայացման առաջին օրը եղել է մայիսի 25-ը, իսկ երեխաները կարգին ծանոթացել են մինչ փոփոխվելը:
«Պարոն ԿԳՄՍ նախարար, ուշադիր հետևեք մեր ելույթներին և փորձեք ճիշտ մոտեցում ցուցաբերել, դուք այս անտարբեր քայլերով փորձում եք խեղաթյուրել մեր երեխաների ճակատագրերը: Դիմորդների մի մասը տղաներ են, որոնք շուտով զորակոչվելու են բանակ, դուք պատկերացնո՞ւմ եք իրենց վիճակը, երբ մարդը գիտի՝ բարձր գնահատական է ստացել և համոզված է, որ արդեն ընդունված է, եթե ոչ առաջին, գոնե երկրորդ և երրորդ տեղը, բայց անցնում է մի քանի օր ու պարզվում է, որ ոչ մի տեղ չի ընդունվել, կամ էլ վերջին հայտով մի տեղ»:
Ծնողի խոսքով՝ նման դեպք տեղի է ունեցել նաև 1991 թվականին և դիմորդները, որոնք ստացել են բավարար գնահատականներ, բայց դուրս են մնացել բուհից, այդ ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանի հրամանով ընդունվել են բուհ:
«Վազգեն Մանուկյանի հրամանով այդ դիմորդները դարձել են ուսանող և համաձայն այդ ինֆորմացիայի՝ դիմորդների շարքում է եղել նաև ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուստի ես համոզված եմ, որ նա շատ լավ պատկերացնում է մեր խնդիրը: Ես խնդրում եմ, պարոն վարչապետ, ինչպես ժամանակին Վազգեն Մանուկյանն է արել, դուք էլ այդպես վարվեք, որ բարձր գնահատական ստացած դիմորդները դառնան բուհերի առկա բաժնի ուսանողներ»,- նշեց Մասիս Բաբալյանը:










