Հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորվել է 8 ԲԿ. ԱՆ-ն չի հայտնում՝ որքան գումար է տրամադրվել պետպատվերով COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին

11:53 • 25.07.20

Դեռևս հունիսի 10-ին Tert.am-ը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ պարզելու համար, թե հունիսի 5-ի դրությամբ քանի հիվանդանոց է ամբողջությամբ վերապրոֆիլավորվել COVID-19-ի բուժման համար և քանի հիվանդանոցում են առանձին բաժանմունքներ վերապրոֆիլավորվել: Հետաքրքրվել էինք նաև, թե որքան գումար է տրամադրվել այն բուժհաստատություններին, որոնք զբաղվում են համավարակի բուժմամբ և, առհասարակ, թե որքան գումար է ծախսվել համավարակի դեմ պայքարի համար: Սակայն Նախարարությունը այս հարցերին չի պատասխանել:

«COVID-19 բուժման համար մինչև հունիսի 5-ը ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է 8 բուժհաստատություն` «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՊՓԲԸ, «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ, Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալ, «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ, «Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ»,- ասված է նախարարության պատասխանում:

7 բուժհաստատության տարածքում վերապրոֆիլավորվել են առանձին բաժանմունքներ։ Այդ բուժհաստատություններն են «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ» ՍՊԸ-ն, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Աստղիկ բժշկական կենտրոնը», «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Արմենիա ՀԲԿ»-ն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» Հիմնադրամը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ հունիսի 5-ից հետո ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է 4 բուժհաստատություն` «Դիլիջան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ն, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

Tert.am-ը հետաքրքրվել էր նաև, թե որքան գումար է տրամադրվել մեկուսացված անձանց խնամքի համար, որքան՝ թեստեր գնելու համար: Հետարքրքվել էինք նաև՝ վերապրոֆիլավորված բուժհաստատություններին որքան գումար է հատկացվել և հարցման պահին, առհասարակ, որքան գումար է տրամադրվել COVID-19-ի բուժման համար: Նախարարությանը խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն բուժհաստատությունները, որոնք զբաղվում են համավարակի բուժմամբ:

Այս հարցերին նախարարությունը չի անդրադարձել, փոխարենը պատասխանում նշել են, թե որքան պարգևավճար է տրվել բուժաշխատողներին երեք ամսվա համար:

«ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով մարտ ամսից վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի, ինչպես նաև ժամանակավոր ստեղծված մեկուսարաններում ընդգրկված բուժաշխատակիցները պարգևատրվել են ծանրաբեռնված և բարեխիղճ աշխատանքների համար»,- ասված է պատասխանում:

Եվ այսպես, առողջապահության նախարարի հրամաններով պարգևատրման ֆոնդերը կազմել են` մարտ ամսվա համար 244 743 465 դրամ, ապրիլ ամսվա համար 206 341 953 դրամ, մայիս ամսվա համար 236 427 187 դրամ: Համապատասխան պարգևատրման հրամաններում ընդգրկվել են նաև տեխնիկական աշխատանք իրականացնող աշխատակիցները:

Նախարարությունից հայտնել են նաև, որ ծախսերն իրականացվում են ՀՀ կառավարության պահուստային միջոցներից հատկացված և Covid-19 պայքարի դեմ հավաքագրված միջոցների հաշվին: «Հարկ է նշել, որ մայիս ամսում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից թվով 1000 բուժաշխատողներին տրվել է 200 000-ական դրամ` որպես ֆինանսական աջակցություն»,- ասված է նախարարության պատասխանում: