Ղրղզստանում հուլիսի 30-ը համազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ COVID-19-ից մահացածների

14:56 • 25.07.20

Ղրղզստանում հուլիսի 30-ը սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացածների: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, գրում է tass.ru-ն։

Ժեենբեկովը նաև նշել է, որ Կուրբան Բայրամ տոնը երկրում կնշվի հուլիսի 31-ին։

«Հուլիսի 30-ը համազգային սգո օր կհայտարարվի ամբողջ երկրում։ Կհրապարակվի համապատասխան հրամանագիր»,-ասել է Ժեենբեկովը։

Համաճարակի սկսվելուց ի վեր Ղրղզստանում մահացել է 1 249 մարդ։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին տվյալներով 32 124 է։

Ղրղզստանում համաճարակաբանական իրավիճակը սրվել է հունիսի վերջին, երբ երկրում ամեն օր գրանցվում էր կորոնավիրուսի 500-700 դեպք։