Ինձ ամենաշատը հետաքրքրում է Սևանա լճի սիգի անալիզների պատասխանը, քանի որ, համաձայն մարզպետի հայտարարության, պլաններ կան սիգն ուղարկել բանակ․ սա ազգային անվտանգության հարց է․ Վ․ Վարագյան
Առողջապահության նախարարությանն այսօր արձագանքեց Սևանա լճում լողալու վտանգների մասին բարձրաձայնածս խնդրին ու թեև մասնակի, բայց ընդունեց, որ խնդիր կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Բարև ձեզ պարոնայք, մինչև աղմուկ չի լինում, ձայն չեք հանում: Արձանագրենք, որ հետազոտությունների արդյունքներն ու հայտարարությունը պետք է շատ ավելի վաղ հնչեցվեին: Տպավորություն է, որ մինչև հարցը չբարձրաձայնենք, մինչև աղմուկ չանենք, գործ չեք անի ու տեղից չեք շարժվի:
Միևնույն ժամանակ, հիմնավոր կասկած կա, որ անալիզները (հետազոտությունները) պատշաճ կերպով չեն իրականացվել, որը մեր ազգաբնակչության առողջության, անվտանգության խնդիրն է, և ես դա շատ կարևորելով՝ պահանջում եմ հանրայնացնել հետազոտությունների հետ կապված այնպիսի կարևոր տվյալներ ինչպիսիք են՝ ցիանոբակտերիաների տեսակները (ինչ տեսակներ եք հայտնաբերել Սևանում), տոքսինների տեսակները (որը ինչ քանակությամբ) և դրանց ազդեցությունը Սևանի ձկնատեսակների վրա (քանի որ ձկնատեսակներն ամենաշատն են օգտագործվում մարդկանց կողմից):
Ինձ ամենաշատը հետաքրքրում է Սիգի անալիզների պատասխանը, քանի որ համաձայն ձեր մարզպետի հայտարարության՝ պլաններ ունեք Սևանի Սիգն ուղարկել բանակ, իսկ սա արդեն ազգային անվտանգության հարց է: Փարատեք այս կասկածները, դուք իրավունք չունեք վտանգել հայ զինվորի առողջությունը»:










