Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը հինգերորդ դասարանից սկսած ներառվելու է ուսումնական ծրագրում․ ԿԳՄՍՆ

14:29 • 25.07.20

Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառվելու է ուսումնական ծրագրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հինգերորդ դասարանից սկսած՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։

Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։