Կիևում անհայտ անձը կրակել է արտասահմանցի ուսանողների վրա. կան վիրավորներ (լուսանկարներ)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում լույս հուլիսի 25-ի գիշերը անհայտ անձը կրակել է երկու արտասահմանցի ուսանողների վրա, նրանք վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Կիևի ոստիկանության մամուլի ծառայությանը:
«Այսօր գիշերը, 2:30-ին բժշկի կողմից հաղորդագրություն է ստացվել Կիևի ոստիկանություն, որ բժշկական հաստատություն են դիմել երկու արտասահմանցի` ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Տուժածները վնասվածքը ստացել են հուլիսի 24-ին, ժամը 21:30-ի մոտակայքում: Վեճի ժամանակ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է տղաների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու 20-ամյա ուսանողները ոտքերից թեթև վիրավորումներ են ստացել:
«Արդյունքում նրանք ինքնուրույն դիմել են բժշկական հաստատություն, սակայն նրանցից մեկը հրաժարվել է բժշկական օգնություն ստանալ»,-ավելացրել են ոստիկանությունում:
Երկու քրեական վարույթ է բացվել խուլիգանության և զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ապօրինի օգտագործման վերաբերյալ:













