Պորտուգալիայում ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող առաջին դիմակը
Լիսսաբոնի մոլեկուլյար բժշկության ինստիտուտը հայտարարել է, որ ստեղծել է աշխարհում առաջին պաշտպանիչ դիմակը, որը ի վիճակի է չեզոքացնել կորոնավիրուսը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով La Razón պարբերականին:
Ըստ աղբյուրի` խոսքը գնում է բազմանգամյա օգտագործման բարձր արդյունավետություն ունեցող դիմակի մասին:
Ինստիտուտում հստակեցրել են, որ դիմակը մշակվել է հատուկ կտորի միջոցով, որը բաղկացած է մի քանի տարբեր անջրանցիկ շերտերից:
Կատարված փորձարկումները հաստատել են արտադրանքի արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պաշտպանվելու գործում:
«Դիմակը ունի նորարարական ծածկույթ, որը չեզոքացնում է SARS-CoV-2 վիրուսը կտորի հետ շփման ժամանակ, այն իր արդյունավետությունը պահում է մինչև 50 լվացում»,-ասել են ինստիտուտում:
Պորտուգալիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 955 դեպք, վարակման հետևանքով մահացել է 1716 մարդ:










