Սուդանում զինված հարձակման հետևանքով 20 մարդ է մահացել
Սուդանի արևմտյան Դարֆուր շրջանում զինված հարձակման հետևանքով ամենաքիչը 20 մարդ է մահացել, ևս 20 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք AFP news agency-ի թվիթերյան օգտահաշվից:
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել մի խումբ տեղահանվածներ, որոնք վերադառնում էին Հարավային Դարֆուր գավառի գյուղերից մեկը, որը նրանք մի քանի տարի առաջ էին լքել քաղաքացիական պատերազմի պատճառով: Սուդանի կառավարության որոշումով, այն քաղաքացիներին, որոնք Դարֆուրի հակամարտության պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները, թույլատրվել է վերադառնալ սեփական տարածք:
Հայտնի է, որ մահացածների թվում երկու կին և երկու երեխա կա: 14 մարդ մահացել է տեղում, 6-ը` հիվանդանոցներում: Վիրավորներից ոմանց վիճակը ծանր է:










