Ովքե՞ր կարող են Դեմոկրատական կուսակցությունից 2024թ-ին պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար. The National Interest
Ամերիկյան The National Interest պարբերականը հրապարակել է Դեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող այն անձանց անունները, ովքեր 2024-ին ենթադրաբար կպայքարեն երկրի նախագահի աթոռի համար:
Ըստ պարբերականի՝ եթե անգամ ներկայիս նախագահական ընտություններին մասնակցող թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հաղթի, ապա դժվար թե առաջադրվի 2024-ին՝ կապված տարիքի հետ. նա 77 տարեկան է: Այդ ֆոնին մի շարք վերլուծաբաններ սկսել են թեկնածուներ որոնել երիտասարդ դեմոկրատների շարքերում:
Այսպես՝ գլխավոր թեկնածուներից մեկն է ամենաերիտասարդ կին կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը: Փորձագետների կարծիքով՝ նա ունի աշխատավոր դասակարգի զգալի աջակցությունը՝ շնորհիվ մի շարք նախաձեռնությունների, մասնավորապես՝ կրթության և առողջապահության ոլորտներում:
Մեկ այլ պոտենցիալ թեկնածու է համարվում Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Պարբերականը նշում է, որ քաղաքական գործչին հաջողվել է մեծացնել իր ազդեցությունը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին՝ շնորհիվ վարակի տարածման դեմ պայքարում ձեռնարկած քայլերի:
Պարբերականի կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու հույս կարող է ունենալ նաև Սաուտ-Բենդի քաղաքապետ (Ինդիանա նահանգ) Փիթ Բութթիջիչը, որն այս տարի դուրս եկավ մրցապայքարից՝ աջակցելով Բայդենին: Ըստ փորձագետների՝ քաղաքական գործիչը նաև հայտնի է երիտասարդների շրջանում, այդ թվում՝ բացահայտ միասեռական լինելու շնորհիվ:
Եվս երկու թեկնածուի անուն է շրջանառվում՝ Դեմոկրատական կուսակցության անդամ, Կալիֆոռնիա նահանգից սենատոր Քամալու Հարիսը, որը հնդկա-աֆրիկյան ծագում ունի, և Կոլորադոյից սենատոր Մայքլ Բեննեթը:










