Oրեր շարունակ դիպուկահար խմբերը սահմանի բոլոր ուղղություններով փորձել են մեզ կորուստ հասցնել, այս իրավիճակը դեռ կշարունակվի, ընդ որում՝ թիրախները շատ տարբեր են․ Տիգրան Աբրահամյան
6 օր առաջ էի գրել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը որպես տակտիկական լուծում գործի է դնելու դիպուկահար խմբերին։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Նա մասնավորապես նշել է
«Ցավոք այսօր զոհ ունեցանք, բայց դա չի նշանակում, որ թշնամին միայն գիշերն է գործել։ Ակնհայտ է, որ օրեր շարունակ դիպուկահար խմբերը սահմանի բոլոր ուղղություններով փորձել են մեզ կորուստ հասցնել։
Այս իրավիճակը դեռ կշարունակվի, ընդ որում՝ թիրախները շատ տարբեր են։
Զգոնությունը պետք է պահել, կրակակետերը՝ լռեցնել»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:










