«Ֆրանսիան պետք է մնա Հայաստանի դաշնակիցն ու քույրը»․ Վալերի Բուայեն զոհված հայ զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել

22:59 • 27.07.20

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հարգանքի տուրք է մատուցել հայ-ադրբեջանական սահմանին բախումների հետևանքով զոհված չորս հայ զինծառայողների հիշատակին։

Բուայեն հայտնել է, որ այդ կապակցությամբ Մարսելի Սուրբ Թարգմանչաց Հայ Առաքելական եկեղեցում պատարագ է մատուցվել։

«Ֆրանսիան պետք է մնա Հայաստանի դաշնակիցն ու քույրը»,- հավելել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը։

Ավելի վաղ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո, ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,-գրել էր նա։

Նա նաև կոչ էր արել Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը։