Բորիս Ջոնսոնն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել «մի փոքր քաշ գցել»՝ որպես օրինակ բերելով ավելորդ քաշի դեմ սեփական պայքարը

23:55 • 27.07.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել ավելի շատ ֆիզիկական վարժություններ անել ու «մի փոքր քաշ գցել»՝ որպես օրինակ բերելով ավելորդ քաշի դեմ սեփական պայքարը, գրում է Reuters-ը։

Նրա կառավարությունը երկուշաբթի հայտարարել է «Ավելի առողջ» (Better Health) արշավի մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ այն պայքարելու է «ճարպակալման՝ դանդաղ գործող ռումբի» դեմ՝ արգելելով անառողջ սննդի գովազդը մինչև երեկոյան ժամը 9:00-ը, ինչպես նաև դադարեցնելով «գնիր մեկը և ստացիր մյուսն անվճար» և նմանատիպ այլ առաջարկների գովազդները։

«Տարիներ շարունակ ես միշտ ցանկացել եմ նիհարել և շատ մարդկանց պես, ես նույնպես պայքարում եմ ավելորդ քաշի դեմ։ Քանի որ ես կարողացա ապաքինվել կորոնավիրուսից, այժմ աստիճանաբար փորձում են վերականգնել մարզավիճակս»,- ասել է նա Twitter-ում հրապարակած տեսանյութում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ թեև այժմ փոքր-ինչ նիհարել է, կորոնավիրուսի պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելիս բավականին գեր է եղել։

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսով վարակման մասին պարզ էր դարձել մարտի 27-ին: Ապրիլի 3-ին նա հոսպիտալացվել էր, իսկ ապրիլի 6-ին ծանր վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Հետագայում նրա վիճակը կայունացել էր: