Հայաստանում արդեն դատում են այն մարդուն, ում վրա հարձակվել են, ոչ թե հարձակվողին. Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի գործով իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Ինձ վրա փողոցում հարձակվել են, վնասվածք են հասցրել և այդ հարձակման համար ես՝ որպես մեղադրյալ եմ ներգրավվել և որպես հեռանկար տեսնում են մինչև չորս տարվա ազատազրկումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ միաբանության» նախագահ Արթուր Դանիելյանը՝ հայտնելով, որ ՀՔԾ-ում իր դեմ մեղադրանք է առաջադրվել, վերցրել են անձնագիրը, քանի որ որպես խափանման միջոց դիտարկել են ստորագրություն չհեռանալու մասին:
Նա նշեց, որ խոսքը գնում է ԱԺ փոխխոսնակի իր վրա հարձակման մասին, որը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակում՝ ապրիլի 29-ին։
«Իշխանությունը, ըստ էության, լեգալիզացրեց փողոցում բռնություն կիրառելը, օրինականացնում է բռնությունը, որի հիմք է հանդիսանում իբրև թե ինքնասիրության վիրավորանքը: Այստեղ ևս երևում է իշխանության երեսպաշտությունը, որովհետև այն մարդը, ով իբր թե իր ինքնասիրություն պաշտպանելու համար հարձակվել է ինձ վրա, չէր կարող ինքնասիրություն ունենալ և դա նույնպես ապացուցված փաստ է»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական դրդապատճառից բացի այլ հիմնավորում այս մեղադրանքը չի կարող ունենալ, քանի որ Հայաստանում չկա հոդված, որով կմեղադրեն հարձակման ենթակա մարդուն:
«Օինակ, Սաուդիան Արաբիայում, եթե կնոջը բռնաբարում են, կնոջն են դատում, Հայաստանում հիմա արդեն դատում են այն մարդուն, ում վրա հարձակվել են, ոչ թե հարձակվողին: Չնայած նման հոդված չկա, բայց փաստացի այդպես է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Արթուր Դանիելյանը նշեց, որ իր փաստաբանի, քաղաքական թիմի հետ քննարկում են ապագա անելիքները:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիլյանի միջև վիճաբանությունը էր տեղի էր ունեցել, ինչի արդյունքում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ ։










