Հայագիտական առարկաների մասով ինչ-որ պահանջներ են, որոնք չեն բխում դպրոցի, ազգային փիլիսոփայության շահերից, այլ բխում են ազգայինը դպրոցներից դուրս մղելու նախապատվությունից․ Դավիթ Գասպարյան (տեսանյութ)

20:43 • 27.07.20

Մասնագիտական լուրջ դեմքեր չեն եղել, եղել են մի վարժարանի ուսուցիչներ,  որքան գիտեմ Շիրակացու վարժարանի, որոնք հավաքվել են իրար գլխի և այն, ինչ կարող էին իրենց վարժարանում կիրառել, դարձրել են համահայկական շրջառանության նյութ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով  հայոց պատմության և հայ գրականության առարկների նախատեսվող փոփոխությունների նախագծի մշակման հեղինակներին:

Նա նշեց, որ այս գործընթացին մասնակցելու դիմողները շատ են եղել և արդեն պարզ է, թե ովքեր են ընդգրկվել: «Որևէ լուրջ մասնագետ չի մասնակցել, չեն ընդգրկվել այն մարդիկ, ովքեր կրում են առարկայի պատասխանատվությունը, իսկ արածի համար պատասխան տալը շատ կարևոր է»,-ասաց նա և նշեց, որ ծրագիր ստեղծելը հեշտ բան չէ:

Ըստ Դավիթ Գասպարյանի՝ արել են մի բան, որը բխում է ազգայինը դպրոցից դուրս մղելու նախապատվությունից.«Նախապատվություն են տալիս ազգայինը դուրս մղելուն։ Եթե մենք ազգային արժեքները դպրոցից դուրս ենք մղում, այդ դեպքում սահմանին կանգնած զինվորը վաղը մյուս օրը չի ծառայի այնտեղ, ոգին ենք հանում»,-ասաց նա և հիշեցրեց, որ անկախության տարիների առաջին ցույցերի ոգին պայմանավորված էր Շիրազով, Սևակով, Չարենցով:

«Հիմա այդ ոգին փորձում ենք հանել, որը ինչ-որ սորոսյան, համաշխարհայնացման պահանջներ են, որը չի բխում դպրոցի, ազգային փիլիսոփայության շահերից»,-ասաց նա և նշեց, որ իրեն չեն հրավիրել նախագծի մշակմանը մասնակցելու:

Ինչ վերաբերում է ավագ դպրոցում հայ գրականության առարկայի «հայ» բառը հանելուն, Դավիթ Գասպարյանն ասաց, որ ինչ-որ բան անելու համար շատ արդարացման ձևեր կգտնեն: «Հիմա էլ ասում են Նարեկացին ցածր դասարաններում կա, այդպես միայն գործից չհասկացողներին կարող են շեղել: Անընդունելի, արմատապես ժխտելի ծրագիր է՝ իր բովանդակային միջուկով, սա պետք է դեն նետել, այդ խմբից հրաժարվել, իրենց էլ բավականին գումարներ են տվել այս ամիսների համար, որոնք վատնել են: Մենք կարծես հատուկ մի բան ենք անում, որ հասարակությունը պառակտենք անընդհատ ու ուղղենք իրար դեմ, մենք պետք է  ներդաշնակ լինենք, այսպիսի ծրագրի պահանջարկ չկա հասարակության մեջ»,-ասաց նա և նշեց, որ պետականաշինական ծրագիր պետք է ստեղծենք, հայ մարդ կրթենք և դրա լավագույն  միջոցը գրականությունն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։