Կրթությունը սերունդների՛ համար է, մեր երեխաները փորձադաշտ չեն, հայ դպրոցն էլ ապազգային քարոզի դաշտ չէ․ Աբրահամ Գասպարյանը՝ կրթության նոր հայեցակարգի մասին  (տեսանյութ)

21:01 • 27.07.20

Ձեռքիս մի հայեցակարգ է, որը կոչվում է՝ ՀՀ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ-ճանապարհային քարտեզ: Դրսից ֆինանսավորվող, իրավապաշտպան մի քանի կազմակերպություն է այս փաստաթղթի հեղինակը, որը մի քանի տարի առաջ է հրատարակվել՝ Ծաղկաձորում անցած լայն քննարկումներից հետո: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Ծավալուն է, 66 էջ, հարկ է լավ ծանոթանալ, մեր հայտնի գրականագետներից մեկը՝ Կոմիտասագետ Մհեր Նավոյանն է ուշագրավ հատվածներն առանձնացրել այս փաստաթղթի...մի հատվածը հիմա կլսենք, խնդրում եմ ուշադիր եղեք:

Ցուցադրելու եմ կրթությա՛ն ոլորտին վերաբերող այսպես կոչված բարեփոխումների անհրաժեշտությունից մեկ հատված: Այստեղ կան գլուխներ, որոնք վերաբերվում են եկեղեցուն, բանակին, կոռուպցիային, ֆինանսական ու իրավապահ համակարգերին: Ուրեմն, էջ 58-ում կարդում ենք հետևյալը.

Սա, փաստորեն, այն ճանապարհային քարտեզն է, որով այս մասնագետները ուզում են մեթոդապես՝ դպրոցից սկսած մինչև հանրային մեծ ինստիտուտներ՝ իբր կարծրատիպեր ջարդել, փոխարենն առաջարկել՝ այնպիսի խեղճ ու մեղկ կրթակարգ, որի հիմքում արժեքը չէ՛, այլ պսևդոլիբերալ ու կեղծ քաղաքացիության վրա հիմնված ճռճռան մտքեր: Այ սա, օրինակ, ինչո՞վ է տարբերվում նախկին գաղջից: Հիմա գաղջ մթնոլորտ է՝ լեզու-գրականություն-պատմություն հանրային խոսույթում:

Հանրության մեծ մասը, բողոքելով հանդերձ՝ Մեծարենցի ու Դուրյանի, Շնորհալու կամ Վարուժանի՝ իրենց համար անհասկանալի հայերենից, այդուհանդերձ՝ համարում է, որ սովորել են, այո՝ դժկամությամբ, բայց անգիր կարող են հիշել՝ դիցուք՝ Վարուժանի՝ Ցեղին Սիրտը, կամ Մեծարենցի հայտնի տողերը՝ Դաշտի ճամբու մը վրան, կամ ստորոտը լեռան...անկեղծ ասած՝ Մեծարենցի Հյուղը բանաստեղծությունը, որքան էլ շատերի համար դժվարարտասանելի բառեր ունենա՝ Արևմտահայերենի բառամթերքից, չեմ կարծում, որ ավելի վատն է, քան այն գռեհկաբանությունը, որ որոշ ստատուս գրողներ ուզում են անպայման տեսնել մեր գրականության դպրոցական դասագրքերում: Ոչ:

Մեկ քանոնով չեմ չափում բոլորին: Իհարկե,՛ ունենք լավ գրողներ, որոնց ստեղծագործությունները հավակնում են մի քանի տասնամյակ հետո դառնալ բեսթսելլեր և իրավա՛մբ ընդգրկվել մեր գրականության դասագրքերում: Գուցե գրական աշխարհում չափանիշներ են փոխվել, մերոնք էլ համարում են, որ ՖԲ-ում մի քանի էսսե կամ հոդված որ գրեցին, ուրեմն անպայման իրենց արժանի տեղը պիտի զբաղեցնեն ժամանակակիցների կողքին:

Ես անձամբ դեմ չեմ, որ իմ երեխաները դպրոցում իմանան նաև մեր ժամանակակից, խոր գիր, թռիչք տվող գրիչ ունեցող գրողների ստեղծագործությունները: Բայց որքան գիտեմ՝ դրանք պետք է կոթողայի՛ն լինեն, անցնեն հզոր քննադատության օղակով, պարզաջրվեն, բյուրեղանան ու նոր միայն դառնան հանրության համար մնայուն գանձարանի մասնիկ: Ազատ ու համարձակ լինել, չի նշանակում հայհոյել, ամեն տեսած բաց տեսարան վերարտադրել ու ամենայն գռեհկությամբ խոսել այդ մասին: Կրթական գերատեսչությունը շատ լավ էլ գիտե՛ այս ամենը...հասարակական մեծ ու բացասական արձագանքի պատճառո՛վ է, որ հայտարարեց՝ հետ ենք կանգնում, կնայենք, կքննարկենք, կփոխենք: Հետաքրքիր է, որ նախարարությունն իր առաջին դեմքով չներկայացրե՛ց այդ ամբողջը, այդ բարեփոխում կոչեցյալ թյուրիմացությունը: Ներգրավեց՝ երկրորդական խաղացողների, որոնք էլ թուքումուրի մեծագույն չափաբաժինն ստացան:

Նախարարությունը տեսավ, որ հանրության մեծ մասը դեմ է այս սուտ ազատական մոտեցումներին, ստիպված՝ նախարար Հարությունյանը միջամտեց ու ասաց՝ դե սա սևագի՛ր տարբերակն էր, իսկ դուք՝ բողոքողներդ, հին լափամանից օգտվողներն եք, մեր երկրի լավը չեք ուզում, իսկ ահա այն լրատվամիջոցները, որ նման կարծիք են հայտնում, երկրի թշնամիներն են, որ մենք դուխով ենք, հեղափոխական, ևայլ, ևայլն:

Այսինքն՝ նախարարությունն ուներ երկու տարբերակ՝ մեկը նետել ասպարեզ, զոնդաժ անել, մի քանիսին զոհաբերել, եթե ծրագիրն անցավ, ուրեմն անցավ, իսկ եթե չանցավ՝ կասեն դե սևագիր էր, կվերանայենք ու այդպիսով՝ հանրությանը ցույց կտան՝ որքա՞ն ժողովրդավարական են ու լսում են մարդկանց բողոքները:

Ամենադժբախտ վիճակում հայտնվում այն պսևդոլիբերալներն են, որոնք կրթական մեր համակարգի հուղարկավորությունը արդարացնում են սոցիալական հարթակներում՝ իբր ժամանակակից, բայց հայհոյախառը լեքսիկոնով: Գաղջը չանցավ, ուրիշ տարբերակ գտե՛ք:

Նախկիններին ամեն օր ասֆալտին փռելով, թշնամու կերպար ստեղծելով, նրանց դեմոնիզացնելով՝ ձեզ հաջողվում է պահել համակիրների բանակը՝ առայժմ կուռ, թեև ճաքեր էլ եք տալիս:

Հասկանալի է, քաղաքականություն է, եթե ճիշտ եք գտնում միայն այդ ռեսուրսո՛վ մանիպուլացնել ու մնալ իշխանությունում, այդպես էլ վարվեք: Բայց կրթությունը սերունդների՛ համար է, մեր երեխաները փորձադաշտ չեն, հայ դպրոցն էլ ապազգային քարոզի դաշտ չէ: Այստեղ որ մտնեք՝ զգույշ պիտի քայլեք: Լեռնական ճամփեքը, ինչպես Գևորգ Էմինն էր ասում, նեղ են...կարող է սայթաքեք»:

Ամբողջական թողարկումը՝