Բուհ չընդունված դիմորդի ծնող Մ. Բաբալյանը և ակցիայի մասնակից Հ. Հարությունյանն ազատ արձակվեցին. փաստաբանը Ոստիկանության գործողությունները համարում է ապօրինի
Բուհ չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը և ակցիայի մասնակից Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեցին: Ոստիկանության դիմաց բուհ չընդունված դիմորդների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, նշեց, որ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են:
«Բուհ չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը և ակցիայի միացած Հովհաննես Հարությունյանը ձերբակալվել էին Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Սակայն Մասիս Բաբալյանը ձերբակալվել է մայթեզրից, նա փողոց չէր փակել, իսկ ոստիկանությունը պահանջ էր դրել բացառապես բացել ճանապարհի երթևեկելի գոտին, հետևաբար նրա վարչական ձերբակալումը ակնհայտ ապօրինի էր, իսկ Հովհաննես Հարությունյանը ձերբակալվել է, որովհետև ցանկացել է միջամտել անչափահաս երեխաներին բերման ենթարկելու գործողությանը»,- նշեց փաստաբանը:
Ալեքսանդր Կոչուբաևը, տեղեկացրեց, որ հարյուրից ավել դիմորդների կողմից լիազորագրեր են ներկայացվել, մարզերից ևս դիմորդներ կան, այսօր և վաղը տեղի կունենա լիազորագրերի հավաքման գործընթաց և չորեքշաբթի կդիմեն կամ վարչական դատարան, կամ Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբանը նշեց, որ չորեքշաբթի կներկայացնեն, թե խնդրի լուծման որ տարբերակն են ընտրել: «Ունենք երկու տարբերակ՝ կա´մ կդիմենք Վարչական դատարան, կա´մ, եթե դա համարենք ոչ արդյունավետ միջոց, կդիմենք Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան, քանի որ այս պահին հստակեցման խնդիր ունենք: Այն, որ կարգը հակասում է օրենքին, դա կասկածից վեր է, այն վիճարկման է ենթակա Վարչական դատարանում, սակայն սահմանադրականության խնդիրներ էլ կան, եթե հանգենք վերջնական եզրակացության, որ մեզ համար թիրախային է ՍԴ դիմելը, այնտեղ կդիմենք»,- նշեց փաստաբանը:
Ակիցիայի մասնակիցները կրկին շարժվեցին, դեպի ԿԳՄՍ նախարարություն:










