Հանձնարարել եմ արգելել ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպումը մեր հանրապետության տարածքում. Արցախի նախագահ (տեսանյութ)

20:25 • 27.07.20

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադառնալով հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերին՝ ամենասարսափելի երևույթներից մեկը համարեց ազարտային խաղերը:

«Հանձնարարել եմ շահումով խաղերի և խաղատների մասին և վիճակախաղերի մասին ՀՀ Արցախի օրենքներին  համապատասխան՝ արգելել ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը մեր հանրապետության տարածքում»,-ասաց նա և նշեց, համացանցում էլ  այդ խաղերի համար նախատեսված ծառայությունների հասանալեիությունը արգելափակվելու է:

Նա նշեց, որ թեև խստացնում են, սակայն դա էլ բավարար չէ, քանի որ շրջանցման հնարավորություններ լինելու են, բայց մենք բոլորս պետք  է պայքարենք այդ արատավոր երևույթների դեմ: Ըստ նրա՝ պետության կողմից սոցիալական որևէ ծրագիր չի կարող բարելավվել այդ մարդկանց կյանքը, եթե նրանք հակված չեն ունեցածը խնայել և ճիշտ նպատակին օգտագործել:

Նա նկատեց, որ բազմաթիվ քաղաքացիներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ պարտվելով ոչ միայն ամբողջ աշխատավարձը: «Ամսական ես պատկերացնում էի տասնյակ միլիոններ գնում է  այդ ուղղությամբ, բայց այն շատ ավելին է, հարյուրավոր միլիոններ մեր հայրենակիցները պարտվում են՝ տրվելով այդ մոլուցքին»,-ասաց նա: