Երիտասարդ աղջիկները նույնիսկ դիմակով են ոստիկանական բռնության ենթարկվում, իսկ իշխանական պատգամավորին թույլ են տալիս անդիմակ բազմամարդ միջոցառում կազմակերպել․ Անդրանիկ Թևանյան

17:32 • 27.07.20

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանում առանց դիմակի բազմամարդ միջոցառմանը մասնակցած ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին տուգանելուն։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Երիտասարդ աղջիկները նույնիսկ դիմակով ենթարկվում են ոստիկանական բռնության։ Նրանց ձեռնաշղթաներով տանում են քաղմաս, հետո՝ հոգեբուժարան։

Իսկ ահա իշխանական պատգամավորին թույլ են տալիս անդիմակ ու բազմամարդ միջոցառում կազմակերպել։ Միայն հանրային արձագանքից հետո ստիպված մի «հիմնավորում» են գտնում, հետին թվով տուգանում անզգուշությամբ պատգամավոր դարձածին և վերջ։ Բա ո՞ւր են ձեռնաշղթաները։ Գոնե հետին թվով։

Ի դեպ, այս իշխանության առանձնահատկությունն այն է, որ սիրում են հետին թվով տուգանվել, ինքնատուգանվել, իրենք իրենց դեմ ցուցմունք տալ, ինքնաքննադատվել, ինքնա... «Թավշյա» դեմագոգիան հենց այդպիսին է լինում։