Ավստրալիայում դատարանը մորն ու դստերը մեղավոր է ճանաչել սուպերմարկետում զուգարանի թղթի համար կռիվ սարքելու համար (տեսանյութ)

12:45 • 27.07.20

Սիդնեյում դատարանը 23-ամյա դստերն ու նրա 61-ամյա մորը մեղավոր է ճանաչել սուպերմարկետում զուգարանի թղթի փաթեթի շուրջ կռիվ սարքելու համար, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ մայրն ու դուստրը մարտի սկզբին սուպերմարկետներից մեկում զուգարանի թղթի պատճառով կռվել են մեկ այլ կնոջ հետ: 

Կռիվը տեղի էր ունեցել Սիդնեյից ոչ հեռու գտնվող Չուլլորա քաղաքի Woolworths սուպերմարկետում: Կանանց վեճն ու կռիվը նկարահանվել էր և համացանցում արդեն հավաքել մի քանի միլիոն դիտում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է կինը փորձում այլ գնորդի սայլակից խլել զուգարանի թղթի 36 գլանակ պարունակող մեծ փաթեթը: Կադրերում երևում է, որ կնոջ զամբյուղը լցված է զուգարանի թղթի փաթեթներով, մյուս կինն էլ, դա անարդար համարելով, փորձել է նրանից մեկ փաթեթ վերցնել: Դրանից հետո կանանց միջև կռիվ է բռնկվել, ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր:

Հայտնի է, որ կորոնավիրուսի տարածման ամենասկզբում Ավստրալիայի բնակիչները սկսել էին մեծ քանակությամբ զուգարանի թուղթ, պահածոյացված սնունդ և դեղամիջոցներ գնել, ինչի պատճառով սուպերմարկետներից շատերը սկսել էին վաճառքի քանակի սահմանափակումներ դնել այս ապրանքների վրա: