«Մեր հետախուզական ծառայությունները եղել են և կլինեն Թուրքիայի` հզոր պետություն դառնալու հիմնական գրավականը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 26-ին Ստամբուլի Մասլաք թաղամասում երկրի Ազգային հետախուզական ծառայության տարածքային մասնաճյուղի նոր շենքի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայություններն առաջինն են իրենց վրա վերցնում Անկարայի հակառակորդների հարվածները, որոնք դժգոհ են «Թուրքիայի պատմական պայքարից»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Այս դարում, երբ տեղեկատվությունն ու դրա օգտագործումը դարձել են ամենաարդյունավետ զենքը, լրտեսության դեմ պայքարի, ահաբեկչության հայտնաբերման ու կանխման, Թուրքիայում այլ երկրների հատուկ ծառայությունների աշխատանքը բացառելու կարևորությունն ու նշանակությունը բազմիցս աճել է: Ուժեղ հետախուզություն չունեցող երկիրը դատապարտված է ոչնչացման: Մեր հետախուզական ծառայությունները եղել են և կլինեն Թուրքիայի` հզոր պետություն դառնալու հիմնական գրավականը»,-հայտարարել է Էրդողանը:
Ըստ նրա՝ այժմ Թուրքիայի ցանկացած քայլ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է:
«Մեր հետախուզական ծառայությունների կողմից ժամանակին տրամադրված տեղեկություններն ու օգնությունը Լիբիայի կառավարությանը թույլ տվեցին կանխել Խալիֆա Հաֆթարի առաջխաղացումն ու խուսափել իշխանության բռնազավթումից այդ երկրում»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է երկրի հետախուզական համակարգը բարեփոխելու ծրագրերի մասին ՝ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների դեմ առավել արդյունավետ և համակարգված պայքարելու նպատակով:
Ըստ Էրդողանի` թուրքական հատուկ ծառայությունների ձեռքբերումները հակամարտությունների գոտիներում է՛լ ավելի են ամրացնում Թուրքիայի դիրքերը բանակցային սեղանների շուրջ, ինչի վառ վկայությունը հենց լիբիական հակամարտությունն է:










