«Հաննա» փոթորիկը փլուզել է Թրամփի «անքանդելի» սահմանային պատի մի մասը (տեսանյութ)

10:31 • 27.07.20

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին և ցույց է տալիս` ինչպես է «Հաննա» արևադարձային փոթորիկը փլուզում նախագահ Դոնալդ Թրամփի «անքանդելի» հռչակած սահմանային պատի մի մասը:

Հայտնի է, որ նախագահը սահմանային պատի կառուցման վրա ծախսել է ավելի քան 11 մլրդ դոլար, մինչդեռ նախագծի ավարտի համար անհրաժեշտ է ևս 21,6 մլրդ դոլար:

Համապատասխան տեսանյութը, որում բանվորները կանգնած հետևում են՝ ինչպես է կատաղի քամին խոնարհում պողպատե պատը, առաջինը հրապարակել է լրագրող Յադիթ Վալդեսը: Այնուհանդերձ, շատերը վիճարկել են դրա իսկությունը:

Տեսանյութը դարձել է Թրամփի ընդդիմախոսների ծաղրուծանակի առարկան: Շատերը հիշեցրել են, որ նախագահը մի քանի շաբաթ առաջ պարծենում էր, որ իր կառուցած պատն աշխարհում ամենաամուր ու ընդարձակ սահմանային կառույցն է: