Մոլդովայում ֆերմերներն իրենց գյուղտեխնիկան մայրուղիներ են դուրս բերել՝ կառավարությունից պահանջելով օգնություն տրամադրել բերքը կորցնելու համար

17:00 • 27.07.20

Մոլդովայի Կաուշանսկի և Շթեֆան-Վոդսկի շրջանների ֆերմերները գյուղատնտեսական իրենց տեխնիկաները երկրի մայրուղիներ են դուրս բերել և ցույց իրականացրել՝ երկրի իշխանություններին կոչ անելով իրենց օգնություն տրամադրել երաշտի և կարկտի հետևանքով բերքը կորցնելու համար, այս մասին երկուշաբթի հայտնում է Sputnik Moldova գործակալությունը։ 

«Ֆերմերները որոշել են ցույցով հանդես գալ։ Նրանք դժգոհ են, որ մոլդովական իշխանությունները ծայրահեղ վիճակում հայտնված գյուղատնտեսներին օգնություն չեն ցուցաբերում»,- գրում է Sputnik գործակալությունը

Ֆերմերներն ընդգծում են, որ այս տարի հիմնական աղետները կապված են կարկտի և երաշտի հետ։

«Տնտեսական գործակալները կորցրել են բերքը, վնասը միլիոնավոր լեյ է գնահատվում, իսկ պետությունն, իրենց կարծիքով, որևէ բան չի ձեռնարկում։ Արդյունքում գյուղատնտեսները տեխնիկաները երկրի մայրուղիներ են հանել՝ հույս ունենալով, որ գոնե այս կերպ իշխանությունները կլսեն իրենց»,- հավելում է գործակալությունը։ 

Տեղեկությունների համաձայն՝ առավոտյան ճեպազրույցում երկրի վարչապետ Յոն Կիկուն հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են տուժած գյուղատնտեսներին հավելյալ օգնություն հատկացնել։