Բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների ակցիայի մի քանի մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանություն (տեսանյութ)

13:34 • 27.07.20

«Մենք պահանջում ենք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը և հույս ունենք, որ երկրի վարչապետը տեսնում է, թե Արայիկ Հարությունյանը ինչպիսի մոտեցում է ցույց տալիս մեզ: Պարոն վարչապետ, հավատացնում եմ ձեզ, Արայիկ Հարությունյանը նկարած թվեր է ձեզ ցույց տալիս, իբր բոլորի խնդիրը լուծված է, 20 դիմորդ է մնացել, նրանց էլ առաջարկում ենք հեռակա սովորել, նա ձեզ խաբում է:

Ես ուզում եմ, որ դուք մեզ ուշադիր լինեք և կայացնեք արդարացի որոշում, պահանջեք, թող Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացնի, նա վնաս է բերում մեր հայրենիքին»:




Ոստիկանը մոտեցավ և նշեց, որ գործողությունները ապօրինի են և պահանջեց դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունի:

Դիմորդները նստեցին նախարարության հարակից փողոցում՝ փակելով ճանապարհը:



Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից երկու անձի՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին և շարժմանը միացած Հովհաննես Հարությունյանին:



Ակցիային ներկա էր նաև դիմորդների շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա ակցիայի մասնակիցներին ասաց, որ մնան այգիներում, փողոց չփակեն, որևէ գործողություն չանեն մինչև փաստաբանական խումբը կամ շարժման լիդերներից մեկը նրանց հետ կկապվի: Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ այս պահին գնում են ոստիկանության բաժին: