«Բոլորը պետք է հարգեն Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության մասին մեր որոշումը». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսպանիան Թուրքիային աջակցություն է հայտնում ցանկացած հարթակում, այդ թվում Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցում:
Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իսպանացի գործընկերոջ հետ քննարկել են Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության հարցը:
«Իսպանիայի պես մի շարք երկրների հետ համաձայնության ենք եկել, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին որոշումը Թուրքիայի ինքնիշխանության հարցն է»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրք արտգործնախարարը չի մոռացել հերթական անգամ քննադատել Հունաստանի բացասական արձագանքը տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ:
«Հունաստանի արձագանքը հնարավոր չէ հասկանալ: Դա Թուրքիայի ինքնիշխանության հարցն է: Բոլորը պետք է հարգեն մեր որոշումը: Սուրբ Սոֆիան ինչպես պահպանել ենք 1453 թվականից, նույն կերպ էլ շարունակելու ենք պահպանել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց` 2020 թվականի հուլիսի 24-ին, բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:










