«Համոզված եմ, որ Սուրբ Սոֆիայի տաճարն ըստ նշանակության` որպես աղոթքի վայր օգտագործելը կգոհացնի բոլոր կրոնների ներկայացուցիչներին». Էրդողան

09:41 • 28.07.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնահատել է Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկիթ վերաբացելու փաստը` նշելով, որ այն կգոհացնի բոլոր կրոնների ներկայացուցիչներին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկիթ վերաբացելու որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է մեր երկրի վճռականությունն իր ինքնիշխան իրավունքներն իրականացնելու գործում: Ես կարծում եմ, որ կարիք չկա քննարկելու, թե ինչպիսի իրադարձությունների բերումով է թուրքական նվաճման գլխավոր խորհրդանիշը` Սուրբ Սոֆիայի տաճարը, վերածվել թանգարանի: Սուրբ Սոֆիայի տաճարը, լինելով մեր քաղաքակրթության խորհրդանիշը, 1453 թվականին վերածվել էր մզկիթի, և այն այսուհետ ևս երկրպագության վայր կլինի մեր մահմեդականների և ամբողջ իսլամական աշխարհի համար: Քրիստոնյաները նույնպես կարող են այցելել տաճար: Համոզված եմ, որ Սուրբ Սոֆիայի տաճարն ըստ նշանակության` որպես աղոթքի վայր օգտագործելը կգոհացնի բոլոր կրոնների ներկայացուցիչներին»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց` 2020 թվականի հուլիսի 24-ին բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: