Մեզ ապրեցնողը մեր պատմությունն է և եթե մեզ զրկում են մեր լեզվից, հավատքից ու պատմությունից, վերածվում ենք կենդանու, որին ինչպես ուղղորդում են, այնպես էլ ուղղորդվում է․ Հուսիկ Արա (տեսանյութ)

18:42 • 28.07.20

Մենք անընդհատ խուսափում ենք ժամանակի գրից ու գրականությունից, մենք սվիններով ենք ընդունում, մեզ մոտ հիմա համարյա չեն ընթերցում և ասում են՝ չկա, բայց այսօր մենք ունենք հրաշալի գրողներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան՝ անդրադառնալով դպրոցական դասագրքերի գրականության ցանկերի հնարավոր փոփոխություններին և դրանցում ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընդգրկմանը:

«Ցանկալի է, որ գրողը, նկարիչը նկատվի: Ի վերջո, գրողի նպատակն է երկխոսության մեջ մտնել իր ժամանակակցի հետ, իր ժամանակի մտահոգող խնդիրները նրա հետ կիսել: Եթե չի նկատվում, մահից հետո ասեն՝ 5 տարի առաջ այս բա՞նն է գրել. անցնում է: Սա նաև կորուստ է ժամանակի համար»,-ասաց բանաստեղծը:

Հուսիկ Արան ընդգծեց՝ այժմյան դասականներն այն ժամանակ ժամանակակիցներ են եղել, բայց կային դասագրքերում, ուղղակի այն ժամանակ հարցը չէին դնում հանրային քննարկման. եթե դնեին, հաստատ մերժելու էին:

Բանաստեղծի խոսքով՝ քննարկումներին հետևելով նկատել է, որ ժամանանակից գրողի նկատմամբ թշնամանքով են լցված. հասարակությունը գրողին «հոշոտում է», գրողը գրողին «հոշոտում է»:

«Երկիրը քանդելու առաջին պայմանն է՝ մտավորականին դարձրու ծիծաղելի և կտրիր ազգի արմատներից: Երեսուն տարի դա կատարվեց մեր երկրում, երեսուն տարի է՝ մեր մտավորականին արժեզրկում, արհամարհում են, և մտավորականն իրեն ընկճված է զգում: 2018-ին՝ հեղափոխության օրերին, ուզում էի հրապարակում ելույթ ունենալ: Բայց ես մտածում էի՝ դուրս գամ, ասեմ՝ բանաստեղծ Հուսիկ Արա, ո՞վ է ճանաչում: Քանի անգամ տեքստ եմ պատրաստել, ուզել եմ խոսել, բայց այդ կոմպլեքսը կար, որ ինձ ո՞վ է բանի տեղ դնելու, որովհետև այսօր ասում ենք՝ գրող ենք, մեզ ծաղրում են, վատ են վերաբերվում:

Ինձ նման շատ գրողներ, նկարիչներ, մարդիկ ուզում են խոսել, բայց մտածում են՝ ախր մեզ ով է բանի տեղ դնում, մենք այսօր ով ենք, ում ենք պետք, որ մի հատ էլ խոսենք, կամ մեզ լսեն»,-ասաց բանաստեղծը՝ նշելով, թե այն ժամանակ մտավորականները հեղինակություն էին, նրանց լսում էին, հետևում:

«Հեղինակությունը կարող է ժողովրդական զանգվածներին հանել ոտքի, ոգևորել, հեղափոխություն անել, իսկ նման մարդիկ ձեռնտու չեն իշխող համակարգերին, վտանգավոր են: Ոչ միայն այսօր, այլև երեկ, 10-20 տարի առաջ: Մեկ-երկու տարում ի՞նչ պետք է փոխվի»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք դա վարած քաղաքականության հետևանք է, չէ՞ որ այժմ երկիրը ժողովրդավար է, ի տարբերություն 88-ականների, երբ օրինակ Վանո Սիրադեղյանը խոսում էր, ելույթ էր ունենում, Հուսիկ Արան արձագանքեց, թե Խորհրդային Միությունը որքան էլ բռնապետություն լիներ, այդ կոմպլեքսը չէր մտցրել գրողի մեջ: «Վերջին 30 տարում կարողացան այդպես արժեզրկել, ամեն տեղ գրողին, մտավորականին փնովել: Ու մենք մեզ մի տեսակ մի կողմ մղված ենք տեսնում»,-նշեց նա:

Հարցին՝ արդյո՞ք պետք է պահպանողական լինել Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաների նկատմամբ, Հուսին Արան պատասխանեց, թե դրանք մեր ինքնությունը, արժեքն են:

«Հայոց լեզվի ու հավատքի կրողը մարդն է, որ ապրում է այս հողի վրա, որ կոչվում է Հայաստան: Հայոց լեզու, հայոց եկեղեցի, և այդ ամբողջի համագումարը դառնում է հայոց պատմություն: Եթե մենք մեզ դրանցից զրկում ենք, հանում ենք, վերածվում ենք կենդանու, անհիշողություն արարածների, որ ինչպես ուղղորդում են, այնպես ուղղորդվում են: Ամեն ինչ թող սովորեցնեն դպրոցներում, բայց աշակերտը պետք է խորապես տիրապետի իր լեզվին, իր պատմությանը, որովհետև մեզ ապրեցնում է մեր պատմությունը»,-ասաց Հուսիկ Արան: