Կառավարությունը «կանաչ լույս» է տվել «Լիդիան Արմենիա»-ին, որ Ամուլսարում աշխատանքներ իրականացնի. նպատակը ամեն գնով հանքը շահագործելն է. Սիլվա Ադամյան
Ակնհայտ է, որ Կառավարությունը «կանաչ լույս» է տվել «Լիդիան Արմենիա» կազմակերպությանը՝ ասելով՝ գնացեք Ամուլսար, ձեր գործն արեք. ջարդելով, պահապաններին ոտքի տակ տալով, ինչպես ուզում եք, աշխատեք, թույլ եմ տալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ տիրող իրավիճակին:
Բնապահպանի դիտարկմամբ՝ «Լիդիան Արմենիան» շատ լավ հասկանում է, որ մի ամբողջ երկիր դեմ է, որ Ամուլսարը հանք դառնա, բայց, չնայած դրան, ցանկանում է ուժով, որոշակի սադրանքներով իր գործունեությունը ծավալել, քանի որ ունի Կառավարության աջակցությունը: «Այնպես չէ, որ «Լիդիան Արմենիան» վերցրեց ու ինքնագլուխ որոշեց գործողություններ իրականացնել: Ակնհայտորեն առկա է Կառավարության հովանավորությունը: Նպատակը մեկն է՝ բացել հանքը, և դա փորձելու են անել ամեն գնով»,-նշեց Ադամյանը՝ ընդգծելով, թե այն, որ հանրության համար անթույլատրելի է Ջերմուկի տարածքում հանքի գոյությունը, միանշանակ է:
Բնապահպանը նաև նշեց՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի այն հայտարարությունները, թե հնարավոր է՝ Ամուլսարի շահագործմանը դեմ ակտիվիստները գումարներ են ստանում դրա համար, ևս Կառավարության դիրքորոշումն է, որ ներկայացվում է Սարգսյանի կողմից: Իսկ այն հայտարարությանը, թե բոլորը խոսում են միայն Ամուլսարից, բայց մոռացել են Սևանա լճի խնդրի մասին, Ադամյանն արձագանքեց. «Ինքն է նոր հիշել, որ Սևանա լիճ կա, բայց բազմաթիվ անձինք տարիներ շարունակ զբաղվել են Սևանի խնդրով»:
Ադամյանի կարծիքով՝ Ամուլսարի վերաբերյալ սադրանքները, սակայն, որևէ արդյունք չեն տա, քանի որ քաղաքացիները գիտեն՝ ինչի համար են պայքարում:
«Տեղի բնակչությունը, ակտիվիստները, պահապաննները հստակ գիտեն՝ ինչի համար են պայքարում, գիտեն հնարավոր հետևանքները, ու չեն ցանկանում, որ իրենց երկիրը, հողը, ջուրը աղտոտվի: Այդ սադրանքները միայն հակառակ էֆեկտը կարող են ունենալ: Միայն մի բանից եմ վախենում, որ կոշտ միջոցների դիմեն, քանի որ ունեն Կառավարության թույլտվությունը: Եթե հարկ լինի, մենք էլ կհավաքվենք, կգնանք այնտեղ: Տեսնենք՝ ինչ կանեն»,-նշեց նա:
Ադամյանի ևս կարծում է, թե արտակարգ դրության ձգձգումը ունի նաև քաղաքական նպատակ, որպեսզի հավաքների ազատությունը սահմանափակվի, այդ թվում՝ Ամուլսարում: «Արտակարգ դրությունն օգտագործում են, որ քաղաքացիներին վախեցնեն պատասխանատվության ենթարկելով: Ինչի՞ համար են հավաքներն արգելվում, եթե դրանց մասնակիցները, միևնույն է, կրում են դիմակներ»,-ասաց Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք՝ երեկ Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը տեղեկացրել էր, որ մի քանի բանվորներ աշխատանքներ են կատարել Ամուլսարում: Այնտեղ են հավաքվել հանքի շահագործմանը դեմ քաղաքացիներ, նաև՝ ոստիկանական ուժեր: Ակտիվիստներից մի քանիսը բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել:










