Երկտեղանոց մահճակալ, երկու խոհանոց և մարզասարք. Մեքսիկայի նախագահը ցույց է տվել վաճառքի հանված նախագահական օդանավի սրահը (տեսանյութ)

10:54 • 28.07.20

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Օբրադորը լրագրողներին ցույց է տվել՝ ներսից ինչ տեսք ունի նախագահական օդանավը, որը ցանկանում է վաճառել: Լրագրողները նախագահի թույլտվությամբ բարձրացել են Boeing 787-8 Dreamliner-ի սրահ. ամբողջ ընթացքը հեռարձակվել է նախագահի թվիթերյան օգտահաշվում, գրում է ria.ru-ն:

Ինքնաթիռը նախատեսված է առավելագույնը 80 ուղևորի և անձնակազմի 20 անդամի համար: Այն բաղկացած է երեք հատվածից. առաջինը նախատեսված է անձնակազմի և նախագահին ուղեկցողների համար, երկրորդը՝ նախագահի, իսկ երրորդը՝ լրագրողների, անվտանգության ծառայության աշխատակիցների համար:

Նշվում է, որ ինքնաթիռում կան հարմարավետ թռիչքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ մուլտիմեդիա համակարգ, որակյալ կահույք, արբանյակային կապով հեռախոս, մարզասարք, երկտեղանոց մահճակալ, երկու խոհանոց և այլն:

Հայտնի է, որ ինքնաթիռը գնելու ցանկություն է հայտնել 42 հավանական գնորդ՝ աշխարհի 16 երկրից: Ներկայում բանակցություններ են ընթանում նրանցից երկուսի հետ: Նրանցից մեկն արդեն մեկ միլիոն դոլար կանխավճար է տրամադրել:

Օբրադորը մանրամասնել է, որ առաջին գնորդն առաջարկել է գումարի կեսը կանխիկ վճարել, իսկ մյուս մասը՝ բժշկական պարագաների և սարքավորումների տեսքով, մինչդեռ երկրորդ գնորդը ցանկանում է  ամբողջը կանխիկ վճարել:

«Ես սպասում եմ, որ մի քանի օրվա ընթացքում վաճառքի հարցը կլուծվի»,-ասել է Մեքսիկայի նախագահը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Օբրադորը նախագահական 80 ինքնաթիռից և ուղղաթիռից հրաժարվելու մտադրության մասին հայտնել էր նախքան ընտրություններում հաղթելը: Նա սովորաբար տեղաշարժվում է մեքենայով կամ էլ օգտվում է սովորական ուղևորատար չվերթներից: