Հնդկաստանում տղամարդը 20 սմ երկարությամբ դանակ է կուլ տվել ու ողջ մնացել

17:59 • 28.07.20

Հնդկաստանի Հարյանա նահանգի Փալվալ քաղաքի բնակիչը 20 սանտիմետր երկարություն ունեցող դանակ է կուլ տվել ու ողջ մնացել․ բժիշկներից վտանգավոր իրը տղամարդու լյարդից հանելու համար 3 ժամ է պահանջվել, հայտնում է indiatoday.in-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդու մոտ դանակ կուլ տալու ցանկություն կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում է առաջացել։

«Նա փորձել է ծամծմել դանակը, սակայն ջրի օգնությամբ կուլ է տվել»,- պատմել են բժիշկները։ Պարզաբանվում է, որ տղամարդը հոգեկան խնդիրներ և թմրանյութային կախվածություն ունի։

Նշվում է, որ դանակը կուլ տալուց հետո տղամարդը չի կարողացել նորմալ սնվել, քանի որ որովայնի հատվածում սուր ցավեր են առաջացել, այնուհետև բարձրացել է մարմնի ջերմությունը։ Տուժածին սկզբում տեղական հիվանդանոց են տեղափոխել, այնուհետև տեղափոխել են Դելիի միջազգային բուժհաստատություն։

Ուլտրաձայնային հետազոտության և համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում բժիշկները դանակի ճշգրիտ դիրքն են պարզել։ Նշվում է, որ դանակի սայրը կպել է լյարդին, իսկ բռնակը մնացել տասներկումատնյա աղիի մոտ։

Ավելի ուշ բժիշկները հիվանդի լյարդին խողովակ են միացրել, որի միջոցով հինգ օրվա ընթացքում ամեն օր 100 միլիլիտր թարախ է դուրս եկել։ 

«Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցության է եկել և կարող է քայլել։ Նրան հոգեբանական աջակցություն է տրամադրվում»,- ասել են բժիշկները։