Հույս ունեմ, որ չենք անցել այն սահմանը, որից հետո այլևս ոչինչ անել հնարավոր չէ. Կարինե Դանիելյանը՝ Սևանա լճի ծաղկման վերաբերյալ
Սևանա լճի ծաղկումն առաջացել է տասնամյակների ընթացքում՝ ջրի մակարդակի իջեցման, աղտոտման, որոշ չափով նաև ջրային պաշարների վատնման հետևանքով: Այս ամենում որոշակի դեր է խաղում նաև օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Գեղարքունիքի մարզում քաղաքների, բնակավայրերի, գյուղերի հոսքաջրերը չեն մաքրվում, միայն երեք քաղաքում կան մաքրման կայաններ, այն էլ՝ մեխանիկական, և առանց քիմիական, կենսաբանական մաքրման՝ լցվում են Սևան: Ափամերձ տարածքներում մակարդակը լավ է, սկսեցին ջուրը բարձրացնել, բայց այդ տարածքները չմաքրեցին, այնպես ինչպես պետք էր, և կանաչ, անտառային տարաքները մտան ջրի տակ, որոնք էլ սկսում են ծաղկել: Այդ ամենը տվեց այս արդյունքը:
Տասնամյակներ շարունակ խոսել ենք, որ լիճը գնում է ճահճացման: Դա նշանակում է, որ հետագայում մենք Սևանի ջուրը ոչ ոռոգման, ոչ հանգստի համար չենք կարողանա օգտագործել, իսկ առանց Սևանի ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանը: Բացի դա, ջրերը իրար հետ կապված են, Սևանի աղտոտումը և ճահճացումը խիստ ազդում է նաև մյուս ջրային ռեսուրսների վրա»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանը նշեց, որ մեծ քանակությամբ ձկի որսը ևս կարող է ջրի ծաղկման պատճառ դառնալ. «Սննդային շղթայի վերևը ձուկն է, եթե ձուկը վերցնում ես, այդ օրգանական նյութերը մնում են ջրի մեջ և հիմք են դառնում ծաղկման համար»,- նշեց բնապահպանը:
Անդրադառնալոցվ Սևանա լճից ջրբացթողման իրականացմանը՝ նա ընդգծեց, որ վաղուց է մշակվել ծրագիր, թե որքան ջուր պետք է բացթողել և որքանը պետք է գնա դեպի Արփա-Սևան թունելով, որպեսզի ջրի մակարդակը քայլ առ քայլ բարձրանա, սակայն, նրա հավաստմամբ, մինչև 2013 թվականը ջրի բարձրացում նկատվում էր, իսկ 2013-ից հետո լիճը շատ քիչ է բարձրացել, ինչը խիստ բացասական է ազդում լճի վրա:
«Ես մի քանի տարի առաջ գիրք էի հրապարակել Սևանի հիմնախնդրի վերաբերյալ՝ հավաքելով բոլոր մասնագետների կարծիքները և գիտական բոլոր տվյալները, ես սիրահարվել էի լճին, զարմացել էի, թե լիճը ինչքան կենսակայունություն ուներ, լճին մի փոքր լավ էիր վերաբերում, աղտոտումը իջեցնում էիր, մակարդակը բարձրացնում էիր, մի տարվա ընթացում լճի բոլոր ցուցանիշները գնում էին դեպի լավը: Այնպես որ, ամեն ինչ մեզանից է կախված, հույս ունեմ, որ չենք անցել այն սահմանը, որից հետո այլևս ոչինչ անել հնարավոր չէ»,- եզրափակեց նա:










