Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար. Ֆրանսիայի արտգործնախարար (տեսանյութ)

11:16 • 29.07.20

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար: Այս մասին տեղեկացնում է LCP-ի թվիթերյան օգտահաշիվը:

Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն անհանգստության առիթ է տալիս, մանավանդ, որ բախումները տեղի են ունեցել ոչ թե Ղարաբաղում, այլ հայ-ադրբեջանական սահմանին:

«Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է քաղաքական լուծում գտնել, և ես հուսով եմ, որ կհաջողվի դա անել»,-ասել է Լը Դրիանը:

Նա նշել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 5: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: