Վրաստանում հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել հունից, մարդկանց տարհանում են բնակավայրերից (տեսանյութեր, լուսանկարներ)

12:19 • 29.07.20

Վրաստանի Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթի մարզի Օնիի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել հունից` քանդելով ճանապարհների մի մասն ու կամուրջները, տապալելով էլեկտրասյուները: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Օնիի շրջանի ղեկավար Դավիդ Չիկաիձեն տեղեկացրել է, որ վնասի չափը դեռևս հայտնի չէ, սակայն բնական աղետը վնասել է շատ գյուղերի ենթակառուցվածքներ, անհրաժեշտություն է եղել տարհանելու բնակչության մի մասին: Նրա խոսքով` շուտով ծրագրվում է տարհանել բնակչության մյուս մասին, քանի որ ջրհեղեղի վտանգը դեռևս առկա է: Տեղում աշխատում են փրկարար ջոկատները:

Աղետի հետևանքով տուժածներ չկան:

Չիկաիձեն տեղեկացրել է նաև, որ մի քանի գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը` էլեկտրասյուների վնասման կամ տապալման պատճառով, գետն իր հետ տարել է 3 էլեկտրասյուն:

Ճանապարհների անանցանելիության պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման կազմակերպության աշխատակիցները չեն կարողանում մոտենալ հոսանքազրկված գյուղերին: