ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հաստատել է՝ միջազգային դաշնագրում ամրագրված խաղաղ հավաքների անցկացման իրավունքի արգելքը կորոնավիրուսի պայմաններում պետք է գործածվի միայն որպես ծայրահեղ միջոց
Խաղաղ հավաքների անցկացման արգելքը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ միջոց։ Հավաքների սահմանափակման համար առողջության պաշտպանության շարժառիթները կարող են կիրառվել բացառիկ դեպքերում, մասնավորապես՝ վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ: Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, որը քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վերաբերյալ մեկնաբանություններ է հրապարակել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
17 էջից բաղկացած մեկնաբանությունները վերաբերում են դաշնագրի 21-րդ հոդվածին, որտեղ «ճանաչվում է խաղաղ հավաքների իրավունքը»։
Ինչպես պարզաբանել է կոմիտեն, «վերջին իրադարձությունները, ներառյալ՝ COVID-19 հիվանդության համաճարակն, աննախադեպ խնդիրներ են ստեղծել այս հոդվածի իրականացման համար», իսկ աշխարհում Black Lives Matter շարժման մեծ ժողովրդականությունն ընդգծում են դրա կարևորությունը»։
Մեկնաբանություններում ասվում է, որ այս կամ այն խաղաղ հավաքի անցկացման արգելքը «կարող է դիտարկվել միայն որպես ծայրահեղ միջոց»: Եթե նման ակցիայի համար անհրաժեշտ է որևէ սահմանափակում մտցնել, ապա իշխանությունները պետք է կիրառեն «նվազագույն միջամտությունը»։
Ընդ որում, այս կամ այն անձանց հավաքին մասնակցելու սահմանափակումների մասին իշխանությունների որոշումը պետք է կայացվի անհատական հիմունքներով, այլ ոչ թե «համապարփակ»։ Ընդգծվում է, որ հավաքների սահմանափակման համար առողջության պաշտպանության շարժառիթները կարող են կիրառվել բացառիկ դեպքերում, մասնավորապես, «երբ տեղի է ունենում վարակիչ հիվանդության բռնկում, և հավաքները վտանգ են ներկայացնում»։
«Յուրաքանչյուր ոք, ներառյալ՝ երեխաները, օտարերկրացիները, կանայք, աշխատանքային միգրանտները, ապաստան հայցողները և փախստականները, կարող են օգտվել խաղաղ հավաքների իրավունքից»,- հայտարարել Է ՄԱԿ - ի Մարդու իրավունքների կոմիտեի հատուկ զեկուցող Քրիստոֆ Հեյնսը։
Մարդու իրավունքների կոմիտեն, որը բաղկացած է 18 անկախ փորձագետներից, հետևում է պետությունների կողմից 1976թականին ուժի մեջ մտած քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կատարմանը։










