Բուհ չընդունված դիմորդները 2 հայցադիմում ներկայացրին Վարչական դատարան

15:39 • 29.07.20

Բուհ չընդունված դիմորդներն այսօր հայց ներկայացրին Վարչական դատարան, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց բուհ չընդունված դիմորդների պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով՝ Վարչական դատարան փոստային ծառայության միջոցով մուտքագրված է երկու հայցադիմում, մեկ հայցադիմումով իրենք պահանջում են անվավեր ճանաչել ընդունելության կարգի փոփոխման վերաբերյալ Կառավարության որոշումը, երկրորդ հայցով պահանջում են անհատական մակարդակում կարգի կիրառումը ճանաչել անվավեր: Ընդ որում, այստեղ, ըստ նրա՝ տարբեր շահերի խախտված իրավունքներ կան և ըստ դիմորդների յուրաքանչյուրի համար առանձին պահանջ է դրված:

«Կան դիմորդներ, որ բարձր գնահատականներ են ստացել և ընդունվել են ոչ ցանկալի բաժին, այսինքն՝ դատարանի առջև խնդիր է դրվել անվավեր ճանաչելու հետ մեկտեղ, այդ դիմորդներին տեղավորել իրենց ցանկացած բաժիններ: Ընդ որում, առաջին հայցատեսակը չի լուծում, դիմորդների խնդիրը, այս կերպ մենք ՀՀ Կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարը արդար է՝ դիմորդների նկատմամբ կիրառվել է Կառավարության ոչ իրավաչափ որոշում»:

Փաստաբանը նշեց, թե կարծիքներ կան, որ այս պայքարն արդյունք չի կարող ունենալ, սակայն պետք է նկատի ունենալ, որ դատական գործընթացները կարող են տևել տևեն մեկ տարուց ավել:

«Հնարավոր է՝ գործընթացը տևի 6 ամիս, կամ մեկ-երկու տարի՝ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ հնարավոր է, որ պատասխանողը՝ Կառավարությունը, Վերաքննիչ և Վճռաբեկ բողոք ներկայացնի: Հայցերից մեկով վարչական դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցը բավարարել, ինչը մեզ հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ, մինչև գործով  վերջնական դատական ակտը կլինի»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ ցածր գնահատականներ ստացած դիմորդների մասով առանձին է պահանջը, իսկ բարձր գնահատական ստացածների դեպքում իրենց նախընտրած բաժին չընդունվածների համար համամասնությամբ պահանջ է ներկայացված:  

Դիտարկմանը, թե նախկինում նշել եք, որ նախատեսում եք դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանը նշեց, որ երկու ճանապարհ կա՝ կա´մ դիմել Վարչական և Վճռաբեկ դատարան, կա´մ դիմել ՍԴ և Եվրոպական դատարան: Սակայն քանի, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է և քվորումի խնդիր կա և սահմանադրական գանգատը մնալու էր առանց քննության, մինչև համալրումներ չլինեին, այդ պատճառով  որոշել են դիմել Վարչական դատարան. «Եվրոպական դատարանը մենք դիտարկում ենք այն պարագայում, եթե ՀՀ դատարանները չկայացնեն դիմորդներին բավարարող որոշում»- մանրամասնեց նա: