Երկրի բարձրագույն իշխանության կողմից հանձնարարություն կա իմ բնակարանի վրա հարձակված անձանց փրկել, հակառակ դեպքում նրանց վաղուց մեղադրանք առաջադրված կլիներ. Տիգրան Աթանեսյան
Քանի որ վստահ եմ, որ սա երկրի բարձրագույն ղեկավարի կողմից հանձնարարված ստորություն է՝ իմ հանդեպ, զգում եմ, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր բնակարանի վրա կատարված հարձակմանը:
«Այսինքն՝ նորմալ է, երբ քո կնոջ և մանկահասակ երեխաների վրա չորս ստահակ հարձակվում են»,-նշեց Աթանեսյանը:
Նա հայտնեց, թե ինքն ու իր ընտանիքի անդամները հարցաքննվել են, եղել են առերեսումներ. «Զգում եմ, որ հանձնարարություն կա այդ ստահակներին փրկել, որովհետև եթե դա չլիներ երկրի բարձրագույն իշխանության կողմից հանձնարարություն, այդ մարդկանց վաղուց մեղադրանք առաջադրված կլիներ: Ես իրենցից արդարություն չեմ սպասում»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 22-ին. 4 տղամարդիկ ներխուժել էին բնակարան, որտեղ եղել էին Աթանեսյանի կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ էին տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:










