Մինսկում Պետանվտանգության կոմիտեի շենքի մոտ ավելի քան 50 մարդու են ձերբակալել (տեսանյութ, լուսանկարներ)

13:43 • 29.07.20

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Պետանվտանգության կոմիտեի շենքում և դրա դիմաց ձերբակալվել է ավելի քան 50 մարդ: Այս մասին գրում է «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը:

Ձերբակալվածների թվում կան մարդիկ, որոնք եկել էին միջնորդություն ներկայացնելու նախագահի չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի և նրա որդու` Էդուարդի խափանման միջոցը փոխելու համար:

TUT.BY կայքի թղթակից Ելենա Տոլկաչովան հասցրել է խմբագրությանը տեղեկացնել, որ ձերբակալվածների թվում նաև լրագրողներ կան, ինչից հետո ինքը նույնպես ձերբակալվել է:

«Մեզ ձերբակալել էր ՕՄՕՆ-ը, մեզ տարան երկու միկրոավտոբուսներով: Բոլորին տարան ներքին գործերի տարածաշրջանային վարչություն, մեր գործով զբաղվում էր հանրային անվտանգության ոստիկանության պետի տեղակալ Սերգեյ Վարեյկոն: Նրան ինչ-որ գեներալ զանգահարեց և փաստաթղթերի ստուգումից հետո մեզ բաց թողեցին»,-պատմել է Տոլկաչովան:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր Վիկտոր Բաբարիկոյին գրանցել որպես նախագահի թեկնածու: Հուլիսի 28-ին նրա շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան կոչ է արել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, հանդես գալ որպես ՊԱԿ-ի մեկուսարանում մի շարք տնտեսական հանցագործությունների մեղադրանքով գտնվող նախկին բանկիրի և նրա որդու՝ Էդուարդի երաշխավորներ՝  նրանց խափանման միջոցը փոխելու համար: Նույն օրը շտաբի ներկայացուցիչները համապատասխան միջնորդություն էին ներկայացրել ՊԱԿ-ին:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 9-ին:

 

Фото: Дарья Бурякина, TUT.BY

Фото: Дарья Бурякина, TUT.BY

Фото: Дарья Бурякина, TUT.BY

Фото: Дарья Бурякина, TUT.BY