Ջոնսոնը հայտնել է Եվրոպայի որոշ երկրներում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման մասին. РИА Новости

00:38 • 29.07.20

Եվրոպայի մի շարք երկրներում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի նշաններ են հայտնվել: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Մենք բոլորս հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ նախորդ անգամ: Կենսական կարևորություն ունի այն, որ Բրիտանիայում մենք պատրաստ լինենք դրան և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկենք, ինչն էլ մենք անում ենք»,- հավելել է նա:

Ջոնսոնն ընդգծել է, որ կարևոր է հետևել համավարակի պատճառով մտցված սահմանափակումներին, չխախտել սոցիալական հեռավորությունը, հաճախակի լվանալ ձեռքերը, հասարակական վայրերում կրել դիմակներ:

Մեկնաբանելով երկիր ժամանած անձանց պարտադիր երկշաբաթյա կարանտին սահմանելու մասին բրիտանական իշխանությունների որոշումը՝ նա ընդգծել է, որ դա հարկադրված քայլ էր: Վարչապետի խոսքով՝ եթե Մեծ Բրիտանիայի բնակիչները վերադառնում են վայրերից, որտեղ հիվանդության «նոր բռնկումներ» են սկսվել, ապա նրանք պարտավորված են լինելու հետևել կարգին:

«Մենք պետք է արագ և որոշիչ գործողություններ ձեռնարկենք այն դեպքերում, երբ ռիսկերը կրկին սկսում են մեծանալ»,- ասել է վարչապետը: