ԿԳՄՍՆ-ի կողմից դիմորդներին իրազեկման փուլը, գուցե, բավարար չի եղել. «Իմ քայլի» պատգամավոր

13:52 • 29.07.20

ԲՈՒՀ չընդունված դիմորդները, նրանց ծնողները Ազգային ժողովում այսօր հանդիպում ունեցան պատգամավորների հետ՝ մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատամավոր Աննա Կոստանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

Ծնողներից Մասիս Բաբալյանը ներկայացրեց իրենց խնդիրները, պահանջները և նշեց, որ ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևել, թե նախարարը երբ լայվ կմտնի, որ տենսի, թե ինչ է ասում: «Գոյություն ունի պատշաճ ծանուցման կարգ, որը չի իրականացվել ո՛չ ԳԹԿ աշխատակիցների, ո՛չ ԿԳՄՍ նախարարի կողմից»,-ասաց նա:

Աննա Կոստանյանն ասաց, որ կողմ է այն դիտարկմանը, թե նախարարության կողմից թույլ են տրվել սխալներ: «Հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, որոնցից ամենակարևորը կորոնավիրուսի հանգամանքն է և մեկ քննությունը, եթե երկու-երեք քննություն լիներ, գուցե այս խնդիրը չլիներ»,-ասաց նա:

Հովսեփյան Արտուշը պատմեց, որ Հայաստանի պետական բժշկական համալսարան է դիմել և ստացել 14,5 բալ, լրացրել է երեք հայտ և չի անցել ոչ մի հայտով: «Նախարարությունը առաջարկում է մասնավոր բուհեր դիմել, սակայն այդ դեպքում պետական դիպլոմ չի լինի և այն բժշկի որակավորումը չի լինի, որը հարկավոր է»,-ասաց նա և նշեց, որ պատկան մարմիններին ուղղված իրենց հորդորները եղել են ապարդյուն, և հույս հայտնեց, որ օրենսդիր մարմնի միջոցով իրենց խնդիրները կլուծվեն:

Հայկ Բաբալյանն ասաց, որ ստացել է 15,75 բալ և ընդունվել է միայն վերջին նշած հայտով՝ հնագիտության ֆակուլտետ: «Բազմաթիվ դիմորդներին նամակ է գալիս, որ ընդունվել են այսինչ ֆակուլտետ, չանցած երկու ժամ գալիս է նամակ, որ իրենք չեն ընդունվել ոչ մի տեղ: Կան դեպքեր, որ մարդիկ տվել են հայոց լեզվի և գրականության քննություն և ընդունվել են կիրառական մաթեմատիկա, ճիշտ է այդ սխալը ուղղվել է»,-ասաց նա:

Մասիս Բաբալյանը հարց բարձրացրեց՝ ինչ է նշանակում, որ 7,5 բալ ստացած դիմորդը կարող է դառնալ լավ մասնագետ, իսկ 18 կամ 17,75 բալ ստացած դիմորդը, որ երկրորդ հայտով է դիմել, չի կարող լավ մասնագետ դառնալ: Ըստ նրա՝ դա տրամաբանական չէ: «Ինչ է նշանակում՝ ոլորտը ղեկավարող անձը, նախարարը նման բան հայտարարի: Մենք ասում ենք, որ հակառակը՝ դուք նպաստում եք, որ պակասեն լավ մասնագետներ, գիտնականներ»,-ասաց նա:

Աննա Կոստանյանը հետաքրքրվեց, թե ինչ քայլերի կդիմեն, եթե կոնսենսուսի չգան նախարարության հետ, ծնողը պատասխանեց, որ դատական մարմիններ ևս դիմելու են, բայց ակնկալում են ԱԺ բոլոր պատգամավորներն այս հարցին ուշադրություն դարձնեն և, եթե անհրաժեշտ է, նիստ հրավիրեն, որտեղ կներկայանա նախարարը:

«Նախարարին մենք երկու անգամ հանդիպում ենք առաջարկել և մերժում ենք ստացել, որովհետև մենք իրավական նորմերով ենք խոսելու, իսկ ինքը գիտի, որ խախտումներ եղել են, դրա համար է հրաժարվում: Ինքը միայն լայվով է խոսում, որ մարդ չլինի, նույնիսկ ոչ մի լրագրող չլինի»,-ասաց Բաբալյան Մասիսը:

Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ իրազեկման փուլը գուցե բավարար պայմաններով չի եղել, բայց բոլորը գիտեն, որ նախապատվութունը տրվելու է առաջին հայտին: «Դուք գնացել եք, մեկ առարկայով քննություն եք տվել, բայց հղում եք անում հին կարգին, եթե նոր կարգով եք քննություն տվել, պարտավոր եք հետևել նոր կարգին»,-ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուրին առաջարկվել է այլընտրանք: Նա խնդրեց, որ առաջին տարում առաջին հայտով բուհ չընդունվելն ազգային կամ անձնական ողբերգություն չսարքեն: